Կառավարության բերած այն դրույթները, որոնք ընդունելի կլինեն մեզ համար, մենք կօժանդակենք: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք ունենք երեք հիմնական կետեր՝ պետության անվտանգությունը, Արցախի խնդիրը եւ երկրի զարգացման հեռանկարները: Եթե այդ երեք կետերի հետ կապված խոչընդոտ չենք տեսնում, մյուս հարցերում խոչընդոտ չենք հանդիսանալու»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ական պատգամավորներին չեք հորդորում դուրս գալ խմբակցությունից, որպեսզի նրանք կողմ քվեարկեն կառավարության ծրագրին, իսկ ՀՀԿ խմբակցությունը միասնական դեմ կարողանա քվեարկել՝ չվախենալով, որ իրենց դեմ քվեարկության արդյունքում ծրագիրը կարող է չընդունվել, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք արհեստական որեւէ բան չենք անում: Մենք պարզապես ասում ենք, որ իշխանություն լինելը հեշտ է: Երբ մենք գնում ենք ընդդիմություն, այն պետք է հենված լինի գաղափարական հենքի վրա: Ասել ենք, որ պետք է պատրաստ լինենք ընդդիմություն լինել, բայց եթե որեւէ խոչընդոտ եք տեսնում, ազատ եք: Իշխանությունը որոշ մարդկանց համար լինել հեշտ է, գաղափարական առումով է դժվար իշխանություն լինել: Իսկ գաղափարական առումով հեշտ է ընդդիմություն լինելը, քանի որ ընդդիմությունը պետք է քննադատի»:
Դիտարկմանը, որ ստացվում է, որ շատ ՀՀԿ-ականներ պատգամավոր են դարձել իշխանությանը մոտ լինելու համա՞ր, Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե մարդիկ քաղաքական չեն, իրենց համար կարեւորվել է մանդատ ունենալը: բայց իրենք իրենց տարածքներում բավական մեծ հեղինակություն ունեն եւ իրենք են վաստակել իրենց ձայները: Բայց որպես ընդդիմություն հանդես գալու նրանց գաղափարական ունակությունները պետք է հաշվի առնվեն: Դրա համար մենք ասել ենք՝ եթե որպես ընդդիմություն հանդես գալու համար խանգարող հանգամանք ունեք, որեւէ մեկդ սահմանափակված չեք»:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարել են 4 պատգամավորներ՝ Շիրակ Թորոսյանը, Արթուր Գեւորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը եւ Արման Սահակյանը:











