Հայաստանի վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի 6-ին, որոշում կայացրեց Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության քննարկումը հետաձգել: Դատարանը հայտարարեց, որ հարցը կքննարկվի դատական վերջնական ակտի կայացման ժամանակ:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորություն են ստորագրել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։
«Քիչ առաջ ես եւ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ստորագրեցինք երաշխավորություն` Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գեւորգը կլինի ազատության մեջ»,- Facebook-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման՝ Ամանորի գիշերն Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Նա փորձել է տոնածառ տեղադրել, ոստիկաններն արգելել են: Վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանները վճիռը նույնն են թողել: Իրավապաշտպանների գնահատմամբ՝ գործը շինծու է՝ հիմնված միայն ոստիկանների կեղծ ցուցմունքների վրա:











