Միջազգային իրավունքում մի լավ տերմին կա «memorandum of understanding»՝ նպատակների հուշագիր, սա իմ ձեւակերպումն է կառավարության գործունեության ծրագրին։  Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝ շեշտելով, որ իրավական տեսանկյունից, կառվարության ներկայացրած ծրագիրը նպատակների հուշագիր է։

«Կառավարության ծրագիրը պայմանագիր է կառավարության  եւ Ազգային Ժողովի, կառավարության եւ ժողովրդի միջեւ։ Կառավարության գործունեության ծրագրի իմաստը հետեւյալում է՝ կառավարությունը պառլամենտին, հետեւաբար նաեւ ժողովրդին ցույց է տալիս, թե ինքը ինչ է պատրաստվում կատարել եւ ինչպես։ Երբ Ազգային երբ հաստատում է կառավարության ծրագիրը, Ազգային ժողովը հնարավորություն է տալիս կառավարությանը իրականացնել իր այդ ծրագրերը։ Անձամբ ես կառավարության գործունեության ծրագրում չեմ տեսել այդ նպատակների իրագործման մեթոդիկան, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկա գործողությունների ծրագիր»,–պարզաբանեց նա։

Հարցին, արդյոք կառավարության ծրագրի ընդունելի է ՀՀԿ խմբակցության համար, նա պատասխանեց, որ վերջնական որոշումը կկայացնի խմբակցությունը, ապա հավելեց, որ նպատակների տեսանկյունից ծրագիրը ընդունելի է, իսկ այդ նպատակներին հասնելու ճանապարհների ընտրության շուրջ, մեթոդիկայի ընտրության շուրջ, քայլերի հաջորդականության կիրառման շուրջ կարող են լինել բազմաթիվ խնդիրներ. «Նկատի ունենալով, որ այդ քայլերը չկան, ես չեմ կարող գնահատական տալ դա մեզ համար ընդունելի կլինի, թե ոչ»,–նշեց Գեւորգ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էին, որ չեն խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը:

Նկատենք, որ եթե կառավարության ծրագիրը ԱԺ-ում տապալվի, ապա կառավարությունը պետք է հրաժարական տա, որին կհաջորդեն վարչապետի ընտրություններ: Իսկ եթե դա էլ ձախողվի, ապա ԱԺ-ն կցրվի: