Արցախը նոր ոստիկանապետ եւ ԱԱԾ պետ ունի։

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: 

Բակո Սահակյանի հրամանագրով, գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: 

Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է Արցախի  Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի  Հանրապետության ոստիկանության պետ:

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին եւ Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ:

Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյան

Արցախի ոստիկանության պետ Իգոր Գրիգորյան