Տնտեսության էական աճի ապահովման կարեւորագույն գրավական է տնտեսական մրցակցայնությունը եւ մենաշնորհների բացառումը։ Այս մասին ասվում է Հայաստանի նոր կառավարության ծրագրի մեջ, որը հունիսի 7-ին Ազգային ժողովում ներկայացվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Դիտարկումները ցույց են տալիս, որ տնտեսության մեջ մենաշնորհային երեւույթների գոյությունը պայմանավորված է հիմնականում երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակում համապատասխան քաղաքական որոշումների կայացմամբ։ Հետեւաբար այդ երեւույթների վերացումը նույնպես քաղաքական որոշման խնդիր է, եւ այդ քաղաքական որոշումը արդեն իսկ կայացված եւ հայտարարված է ՀՀ վարչապետի կողմից։

Այդուհանդերձ, գոյություն ունի վտանգ, որ շուկայի հասանելիության ոլորտում կարող են պահպանվել իներցիոն երեւույթներ եւ կառավարությունը մտադիր է մենաշնորհային դրսեւորումների նկատմամբ մշտադիտարկում իրականացնել, դրանց հետեւողական վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Քայլերը կարող են ներառել օրենսդրական, կամ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ, հրապարակային քննարկումներ, տնտեսական մրցակցության պաշտպանության մեխանիզմների գործարկում եւ այլն։

Կառավարությունը կարեւորում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը, ելնելով այն հրամայականից, որ տնտեսական գործունեության որեւէ ազատության կիրառում չպետք է հանգեցնի տնտեսական որեւէ այլ գործունեությամբ զբաղվելու անհամաչափ սահմանափակման։ Այս իմաստով կառավարությունը կարեւորում է կարգավորիչ մեխանիզմների գործարկումը։

Այս համատեքստում կառավարությունը երաշխավորում է քաղաքական եւ տնտեսական հետապնդումների բացառումը, միեւնույն ժամանակ վճռական լինելով օրինականության հաստատման եւ պետության շահերը պաշտպանելու գործում։

Պայքար ստվերի դեմ, պետական եկամուտների ավելացում

Տնտեսական իրական զարգացմանը մեծապես խոչընդոտող մեկ այլ գործոն է ստվերային տնտեսվարումը։ Գործարար միջավայրում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով կառավարությունը խնդիր է դրել էականորեն կրճատել ստվերային տնտեսությունը եւ ապահովել պետական եկամուտների ծրագրավորվածից էականորեն բարձր կատարողական։

Պետական եկամուտների քաղաքականության ոլորտում կառավարությունը նախատեսում է հետեւյալ ուղղություններն ու առաջնահերթությունները.

Ազգային տնտեսության ներդրումային գրավչության եւ տնտեսական աճի ապահովման նախադրյալների ձեւավորման տեսանկյունից խիստ կարեւորվում է հնարավորին չափ կայուն եւ կանխատեսելի հարկային միջավայրի ձեւավորումը, գործարար միջավայրի շարունակական բարելավումը:

Տնտեսության իրական հատվածում ներդրումների կատարումը խթանելու նպատակով բազմակողմանիորեն ուսումնասիրվելու են կապիտալի եւ եկամտի հարկումից աստիճանաբար սպառման հարկման վրա շեշտադրում կատարելու հնարավորությունները:
Հարկային եկամուտների շարունակական աճ ապահովելու տեսանկյունից շատ կարեւոր է նաեւ կամավորության սկզբունքով հարկային պարտավորությունները կատարելու մշակույթի ներդրումն ու ամրապնդրումը:

Կառավարությունը մեծապես կարեւորում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը եւ համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ», - մասնավորապես նշվում է ծրագրի ՀՀ կառավարության ծրագրում: