Ավստրիական ORF հեռուստաալիքի լրագրող Արմին Վոլֆը պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցն իր կարիերայում ամենաբարդն էր: Այս մասին նա պատմել է Politico-ի հետ զրույցում, հաղորդում է ՌԲԿ-ն:

Լրագրողը պատմել է, որ նա դիտել է վերջին տարիներին Պուտինի հետ անցկացված  հարցազրույցները:

 «Դա շատ օգնեց, որովհետեւ միանգամից պարզ դարձավ, թե ինչպես է Պուտինն արձագանքում հարցազրույցի ժամանակ», — ասել է նա: Վոլֆի խոսքով, նա 5 օր պատրաստվում էր զրույցին:

 Վոլֆը 3 պատճառ է նշել, թե ինչու էր Պուտինի հետ հարցազրույցը բարդ:

 «Առաջինը՝ մեծ տարբերություն կա, երբ ես եմ հարցազրույցը վարում իմ ստուդիայում, որտեղ ես եմ ղեկավարը եւ Կրեմլում, որտեղ հասկանալի է, որ նա է գլխավորը եւ ամեն անգամ, երբ նրան ընդհատում ես, դա դիտվում է որպես որպես վիրավորանք մեծն գերազանցությանը», — ասել է ավստրիացի լրագրողը:

Երկրոդ դժվարությունը համաժամանակյա թարգմանությունն էր, որի պատճառով դժվար էր հանպատրաստից պատասխանելը: Երրորդ գործոնն այն էր, որ Պուտինը շատ խելացի զրուցակից է, որը անում է այնպիսի քայլեր, որոնք բարդացնում են զրուցավարի գործը»:

Վոլֆը նշել է, որ նա շատ է խոսում թեմայի շուրջ եւ մանրամասնում: «Իսկ երբ դու նրան ընդհատում ես, նա կենտրոնանում է այդ պահի վրա: Քաղաքական գործիչները հազվադեպ են այդպես անում», — ասել է Վոլֆը:

Բացի այդ, Պուտինը կարող է  հարցին հարցով պատասխանել: «Նա շատ արագ է փոխում թեման: Դու նրան կհարցնես Ռուսաստանում կոռուպցիայի մասին, իսկ նա սկսում է խոսել Ուկրաինայում կոռուպցիայի մասին», — ասել է լրագրողը:

 Վոլֆի եւ Պուտինի հարցազրույցը եթեր էր հեռարձակվել հունիսի 4-ին: Նախագահը խոսել է ներքին քաղաքականության, Ռուսաստանում խոսքի ազատության եւ միջազգային ասպարեզում իրավիճակի մասին: ORF հեռուստաալիքով հարցազրույցը դիտել է մոտ  900 հազար մարդ: