Երեկ հրապարկված տեսանյութից հետո ակնհայտ դարձավ բոլորիս համար, թե ինչպիսի ստոր գործողություններ է իրականացվել զինվորի եւ բանակի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածին, որի հագստի գոտուց ԱԱԾ-ն հայտնաբերել էր դեռեւս ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված սնունդ, որոնցով գեներալը կերակրել է իր կենդանիներին:
«Այս ամենը մերկացվել է, բոլորի առջեւ հրապարակային է դարձվել, թե իրականում ինչպիսի գործողություններ է իրականացվել: Նման անձինք օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Մենք պատերազմող երկիր ենք եւ նման գործելաոճը նման անձի կողմից պարզապես անթույլատրելի է», - ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի «Ծառուկյան» խմբակցությունը Մանվել Գրիգորյանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցին, Էնֆիաջյանը պատասխանեց. «Մենք մեր խմբակցությունում որոշում դեռեւս վերջնական չենք կայացրել, բայց նման գործելաոճի պարագայում ո՞նց եք պատկերացնում, էլ ուրիշ ո՞նց պետք է լինի: Մեր վերաբերմունքը լինելու է շատ կոշտ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այլեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։
Մասնավորապես, ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։
Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս եւ բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաեւ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ, Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել։
Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության մանրամասները տեսանյութով











