Ազգային անվտանգության ծառայությունը գեներալ Մանվել Գրիգորյանի՝ Արցախի «Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող տանը կատարված խուզարկության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:
ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հունիսի 20-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ եւ արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7.62 եւ 5.45 մմ տրամաչափերի:
Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերվել է նաեւ հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ:
Նույնը օրը՝ հունիսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն օպերատիվ հետախուզություն է իրականացրել Ասկերան քաղաքի տարածքի Միրզաջան կոչվող տեղանքում տեղակայված «Ջի-Էս Պլյուս» ՍՊԸ-ի պահեստում: Հետախուզության արդյունքում պարզվել է, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար կազմը յուրացնելու եղանակով հափշտակել է ՀՀ պաշտպանության նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, ինչպես նաեւ տարբեր կազմակերպություններից եւ քաղաքացիներից ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որպես օգնություն տրամադրված առանձնապես խոշոր չափերով պարենային ապրանքներ:
Մասնավորապես, հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ թվով 25 հատ մսի պահածոների, 229 հատ տարբեր տեսակի դատարկ պահածոների տարաներ, 2537 հատ գուլպա, 19.425 տուփ ծխախոտ, 882 զույգ ձեռնոց եւ այլ ապրանքներ:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում են:
Նախաքննությունը շարունակվում է:











