ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը վատ չի զգում, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը հարստացել է, իսկ ինքն իր ունեցվածքը առանձնապես չի ավելացրել:

«Ես վատ չեմ զգում, որովհետեւ երջանկությունն ինձ համար հարստության մեջ չի: Ես չեմ ասում, որ ես քյասիբ մարդ եմ, հարուստ մարդ եմ, որովհետեւ ունեմ գաղափարախոսություն, ընտանիք, ազնիվ ընկերներ: Ունեմ անցած ճանապարհ, որի համար չեմ ամաչում, ունեմ սխալներ, որոնք էլի իմն են: Ինձ համար երբեք նյութական բարեկեցությունը չի եղել գերխնդիր:

Վաչագան Ղազարյանին էլ հարգում եմ, սիրում եմ, ինքը շատ լուրջ ծառայություն է անցել, իսկ հարստանալու մասին, պետք է հարգենք անմեղության կանխավարկածը: Թող քար նետի նա, ով մեղավոր չէ: Հիմա մենք դատավոր չենք, երբ կլինի դատական պրոցես, մենք էլ կտեսնենք: Երբ կտեսնենք, որ ինչ-որ պրոցես արհեստական ուղղվածություն ունի, կա քաղաքական հետապնդման խնդիր, բնականաբար, կբարձրաձայնենք: Հիմա չունեմ որեւէ հիմք»,-հայտարարեց Շարմազանովը:

Դիտարկմանը, որ տեսանյութում Վաչագան Ղազարյանն իր ձեռքով է պայուսակից հանում դոլարներով տրցակները, Շարմազանովն ասաց. «Գումարները կարող են լինել օրինական, կարող են լինել անօրինական: Եթե գումարներն օրինական են, ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Եթե այդ գումարներն անօրինական են, բոլոր նրանք, որոնք իրականացրել են ոչ իրավաչափ գործողություն, բնականաբար, դրա համար կա հոդված: Իմ կարծիքն արդեն երկրորդական է»:

Հիշեցմանը, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ էլ 2015-ին որեւէ դատավճիռ չկար, բայց ՀՀԿ-ականները դատափետում էին նրան, Շարմազանովն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ ժամանակն է, որ ես խոսեմ իմ անունից»: