Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը ոչինչ չգիտի «ՔԵՆԴԼ» ինստիտուտի մասին։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ անդրադառնալով կոմիտեի հասցեին հնչող քննադատություններին։

«Եթե մարդը գրագետ է, ապա կարող է մտնել իմտերնետ եւ համեմատել՝ ինչ վիճակում էր Հայաստանը 2008 թվականին ռեյթինգային ամսագրերում տպագրված հոդվածների քանակով, հղումների քանակով, ինչքան միջազգային համաձայնագրեր կար այն ժամանակ, իրականացված ծրագրերը։ «ՔԵՆԴԼ»–ի մասին են խոսում, իրենք բացարձակ տեղյակ չեն, թե «ՔԵՆԴԼ» ինստիտուտը ինչ բան է։ «ՔԵՆԴԼ» ինստիտուտը տարածաշրջանում գոյություն ունեցող լավագույն հետազոտական հիմնարկներից մեկն է։ Ինստիտուտ, որը հիմնականում սարքվել է օտարերկրյա գումարներով։ Հայաստանը այդտեղ սարքավորումների ձեռքբերման համար ծախսել է ոչ ավելի քան 1-1.5 մլն դոլար»,–շեշտել է Սամվել Հարությունյանը։

Գիտության պետական կոմիտեի նախագահը հորդորում է Հարություն Կարապետյանին գնալ եւ իր աչքով տեսնել, թե դա ինչ հիմնարկ է։ «Ի դեպ, Հարություն Կարապետյանն իմ աշխատողն է եղել ժամանակին, եկել էր ինչ–որ ակնկալիքներով, չհաջողվեց, թողեց գնաց»,–հայտնել է նա։

Անդրադառնալով գրագողության շուրջ հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանի մեղադրանքներին՝ Սամվել Հարությունյանը նկատել է, որ գրագողներին իրենք են խրախուսել. «Իրենց կողմից նշվում են անձիք, որոնց գրագող են համարում, գուցե ճշմարտություն կա դրա մեջ։ Սակայն, Գիտության պետական կոմիտեն գրագող բռնելով չի զբաղվում, դա մեր լիազորություններից դուրս է։ Նա նկատի ունի ակտիվ աշխատող գիտնականների մրցույթը, որի ժամանակ մենք վերցնում ենք մարդկանց աշխատանքները բավականին լավ ամսագրերից եւ իրավունք չունենք կասկածել ամսագրերի անաչառությանը։ Իսկ գրագողության առումով թող հենց իրենք թույլ չտային այդ հոդվածների տպագրումը։ Նույն Խուդոյան Սամվելը իր կողմից նշված անձանց հետ դիսերտացիաների պաշտպանություն է կազմակերպում, կողմ են քվեարկում, ինչու են այդպիսի բան անում»։

Սամվել Հարությունյանը հիշեցնում է՝ գրանտային ծրագրերը տրվում են անկախ փորձաքննության միջոցով. «Ցանկանում եմ շատ հանճարեղ մարդկանց համար կրկնել՝ Գիտության պետական կոմիտեն փորձաքննությամբ չի զբաղվում։  Գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական փորձաքննություն անկախ փորձագետների միջոցով, իսկ նրանց ընտրում է համակարգիչը, իսկ ես համակարգչի գործերի մեջ չեմ կարող քիթս «խոթել»։

Նա խոստացավ Սամվել Խուդոյանին հրավիրել հանձնաժողովներից մեկի նիստին ներկա գտնվելու, որպեսզի իր աչկքով տեսնի, ինչպես է դա արվում։