Վալերի Օսիպյանն այսօր քաղաքացիների ընդունելություն էր կազմակերպել. ոստիկանապետը որոշել է անձամբ լսել բնակիչների բողոքները:

Քաղաքացիներից շատերը նախկինում տուժել են տարբեր հանցագործություններից, եւ խնդրել են հնարավորինս արագ բացահայտել դրանք: Վալերի Օսիպյանը վստահեցրել է, որ ոստիկանությունն անզիջում պայքարում է հանցավորության դեմ եւ կարվի ամեն ինչ՝ չբացահայտված դեպքերը հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցների մի մասն էլ բողոքել է ոստիկանության կոնկրետ ծառայողների գործողություններից, նաեւ՝ անգործությունից: Ոստիկանապետը տեղում հանձնարարել է ուսումնասիրել բողոքներն ու պատշաճ լուծում տալ հարցերին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով:

Ինչ վերաբերում է քաղաքացիների՝ ոստիկանության իրավասությանը չվերաբերվող խնդիրներին. դրանք առնչվել են տարբեր գերատեսչությունների գործառույթներին: Օսիպյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ոչ միայն ուղղորդելով, այլեւ գործնական քայլերով: Քաղաքացիների ընդունելությունները ոստիկանությունում  շարունակական են լինելու: