ՀՔԾ–ն Մարտի 1-ի գորի շրջանակներում ծանուցագիրն ուղարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին., կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հորդորելով իրեն չուղղել հարցը, թե արդյոք ծանուցագիրը տեղ հասե՞լ է, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում։

Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի մասին հարցին՝ նա նշեց, որ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետախուզման հնարավորության մասին հարցին նա հրաժարվեց պատասխանել. «Ես չեմ կարող գաղտնազերծել մեր գործողությունների հաջորդականությունը, դա քննչական տակտիկա է»։

Հարցին, թե արդյոք նախկին պաշտոնյաները՝ Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հրավիրվել են  հարցաքննության, նա պատասխանեց.  «Հրավիրվելու են բոլոր այն անձինք, որոնք կարող են որեւէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործով։ Որեւէ կաշկանդվածություն՝ կապված անունների հետ, զբաղեցրած պաշտոնների հետ չկա»։

Ավելի վաղ ՀՔԾ-ն  հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զինված ուժերը մասնակցություն են ունեցել, իսկ ռազմական դրության հայտարարումը անօրինական է եղել։ ՀՔԾ–ն հաստատել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծանուցում է ուղարկվել Մարտի 1-ի գործով հարցաքննությանը մասնակցելու համար:

Միաժամանակ, սակայն, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքել էր ծանուցագիր ստանալու վերաբերյալ տեղեկատվությունը` նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը Մարտի 1-ի գործով հարցաքննության մասնակցելու մասին ծանուցագիր չի ստացել: