Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի կատարվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութին, Վանեցյանը նշեց.  «Երեւան» հիմնադրամի հետ կապված քննության հետ մեկտեղ այդ երեւույթներն էլ են ուսումնասիրվում։ Եթե կլինեն խախտումներ, գնահատականը կտրվի»։

Նա հայտնեց, որ Տարոն Մարգարյանը դեռեւս չի հրավիրվել հարցաքննության։

Դիտարկմանը, որ հնարավոր է նա դուրս է եկել երկրից, ԱԱԾ տնօրենը հավաստիացրեց, որ Տարոն Մարգարյանը ՀՀ–ում է. «Թե որտեղ է գտնվում, չգիտեմ»,–եզրափակեց նա։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»: