«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հայտարարությունը, թե հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտի միջոցները անձնական նպատակներով օգտագործել է, սակայն հետ է վերադարձրել, պետք է ստուգվի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Իր հայտարարությամբ՝ վերադարձրել է, բայց մենք հիմա քննություն կիրականացնենք, պարզ կլինի: Այդ հարցին հստակ պատասխան տալ դեռ չեմ կարող: Ունենք հստակ, որ մոտ 130 մլն դրամ հանել է եւ խաղացել է կազինոներում: Ստուգումներ պետք է լինեն, կավարտվեն, կտեղեկացնենք»,-նշեց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրեն հաստատեց, որ միայն փաստը, որ վերջինս օգտվել է վարկային գծից, քրեորեն պատժելի է։

Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։