Կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախարարների առջեւ տեղադրված են հայկական արտադրության համակարգիչներ:

«Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Սա կապված է մոտեցման փոփոխության հետ, սա մեր քաղաքական մոտեցումն է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում, ոչ միայն ծրագրային ապահովման, այլեւ կոնկրետ արտադրանքի իմաստով»,- ասաց Փաշինյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովում եւս պետք է նման փոփոխություն տեղի ունենա: «Պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ազգային ժողովի նիստերի դահլիճում եւս տեղադրվեն հայկական արտադրության համակարգիչներ: Մեր երկրի համար շատ կարեւոր է, որ Հայաստանում արտադրությունը զարգանա, մենք բոլորս նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրողներին: Ինչպես տեսնում եք՝ այդպիսի հնարավորություն կա»,- նկատեց վարչապետը:

Փաշինյանը կոչ արեց ՀՀ բոլոր քաղաքացիներին գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը: «Դա եւ հաճելի, եւ շահավետ, եւ մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր կառավարության նիստը տեղի է ունեցել այլ դահլիճում, քանի որ նիստերի հիմնական դահլիճում տեխնիկական խնդիրներ կան, իսկ նոր դահլիճից ուղիղ հեռարձակում չկա: Սա լուրջ խոչընդոտ է դարձել լրագրողների համար, քանի որ լրագրողների մի մասը մնացել է դահլիճում եւ կարողացել է նկարահանել, իսկ մնացածին դուրս են հրավիրել:

Հիշեցնենք, որ կառավարությունը օրերս հայտարարել էր, որ կառավարության նիստերը ֆեյսբուքում, տելեգրամում եւ յութուբում հեռարձակվելու է ուղիղ եթերում: