Էջմիածնում ցուցադրված Աստվածամուխ Սուրբ Գեղարդը այն մասունքը չէ, ինչը ցուցադրվում է ժողովրդին: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը:

Նրա  նշել է, որ իսկական Գեղարդը գտնվում է Մայր տաճարի չհրկիզվող պահոցում, որտեղ  պահվում է նաեւ Գրիգոր Լուսավորչի աջը եւ այլ սուրբ մասունքներ:

«Մի քանի գեղարդներ կան եւ դրանց շարքում օրիգինալ Գեղարդը հայտնի չէր: Այն գտնվել է 2003-2004թթ.-ին: Այդ տարիներին գտնվեց Մայր Աթոռի պահոցում, փոշիների մեջ էր, անտեսված էր մնացել: Նախորդ հայրապետներն ունեցել են մտահոգություն, որ Հայաստանը կարող է հարձակումների դառնալ, եւ Գեղարդը կարող են խլել: Պատրաստվել են եւս մի քանի Գեղարդեր, կնիքներն են արել, բայց այս Գեղարդը իրական կնիքը չէ: Ես ուշադիր նայել եմ՝ այն չէ, երկու զմուռսից կնիքներ են, որ կարող  էին 5-10 րոպե առաջ դնել: Արել են՝ երեւի ճշմարիտ Գեղարդը թաքցնելու համար»,–ասել է Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը:

Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը պնդել է, որ Սուրբ Գեղարդից  մասունք է նվիրվել ռուս պաշտոնյային։

«Բազմաթիվ մասունքներ կարող են նվիրվել, փոխանակվել, բայց Գեղարդը այնպիսի սրբություն է, որ չի կարելի օտարել, դա մի ամբողջություն է, ամեն մեկը չի կարող իրեն իրավունք վերապահել օտարել, դա սրբապղծություն է»,- ասել է  նա:

Հարցին՝  ինչո՞ւ են հիմա  բարձրաձայնում  դրա մասին, դա առնչություն ունի՞ Կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետ   Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը պատասխանել է. «Վստահ եմ, որ արագացնել պետք չէ, այն ինչ պետք էր կատարվեց: Եթե մի փոքր նշույլ անգամ ամոթ ունենար պետք է հրաժարական տար ու գնար»։