Հայկական FRENK ընկերությունը մոտ ապագայում կսկսի ինքնատաքացվող բաժակներ արտադրել՝ էլեկտրականության բացակայության պայմաններում օգտագործման համար: Հայաստանում Երկրորդ ինժեներական ցուցահանդես-ֆորումի ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության ներկայացուցիչ Մովսես Մակարյանը:
Նրա խոսքով՝ այս բաժակները կարելի է օգտագործել ցանկացած վայրում, որտեղ էլեկտրաէներգիա չկա, օրինակ՝ խցանումների մեջ, ռազմական դիրքերում, ինչպես նաեւ՝ լեռներում, անտառներում եւ ցանկացած էքստրեմալ պայմաններում: Բաժակը երկու շերտ ունի, որից առաջինը ներսի կողմից պատված է քիմիական խառնուրդով, որի բաղադրությունն ընկերության ներկայացուցիչը հրաժարվեց բացահայտել՝ նշելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է:
Այնուամենայնիվ, երիտասարդը ոգեւորությամբ պատմեց, թե ինչպես է աշխատում խոհարարական ծառայության այս նորույթը. բաժակի կոճակը սեղմելիս այդ քիմիական խառնուրդի բաղադրիչները ռեակցիաների մեջ են մտնում, ինչի ընթացքում բաժակը տաքանում է՝ հեղուկին ջերմություն հաղորդելով եւ տաքացնելով այն մինչեւ 70 աստիճան: Ջերմությունը բաժակի մեջ պահպանվում է 5 րոպեի ընթացքում:
«Բաժակներն էկոլոգիապես մաքուր են, դրանցում պարունակվող քիմիական խառնուրդը հերմետիկորեն իզոլացված է, տաքանալիս գազ կամ այլ տարրեր չի արտադրում, եւ բաժակի պարունակության հետ խառնվելը բացառվում է»,- վստահեցրեց Մովսես Մակարյանը:
Նա նշեց, որ օգտագործվելուց հետո բաժակները ենթակա են վերամշակման, եւ այդպիսով իսկ վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին: Բաժակի ինքնարժեքը 160 դրամ է, իսկ գինը տարբերվում է՝ կախված պարունակությունից. դա կարող է լինել թեյ, սուրճ կամ ջուր արագ պատրաստման ապուրների համար:
Բացի այդ, FRENK-ն էկոլոգիապես մաքուր կերեր է արտադրում, որոնք մեծացնում են տնային անասունների կաթնային արտադրողականությունը: Կովը, սնվելով այս կերով, ծարավ է զգում եւ սկսում է ավելի շատ ջուր օգտագործել, ինչի շնորհիվ ավելի շատ կաթ է տալիս: Արտադրանքը թեսթավորում է անցել եւ մոտ ապագայում վաճառքի կհանվի: «Ընդ որում, դրա ինքնարժեքը մեկ կիլոգրամի համար 200 դրամից պակաս կկազմի, ինչն ավելի էժան է քիմիական բաղադրիչներ պարունակող կերերից»,- նշեց Մովսես Մակարյանը:
.jpg)
.jpg)
.jpg)











