Ամեն թեկնածու իր պատկերացումներն է ներկայացրել քաղաքի զարգացման տեսլականի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ամեն թեկնածու իր պատկերացումներն է ներկայացրել քաղաքի զարգացման տեսլականի վերաբերյալ, կոնկրետ դրույթներ, շատ ընդարձակ քննարկում էր: Հարցուպատասխանի ֆորմատ նույնպես կար, հետեւապես բավականին ծավալվել ենք, քննարկել ենք ծրագիրը, հիմնականում ավելի ծրագրային դրույթների վրա ենք ուշադրություն դարձնում, ամեն մարդու տեսլականի վրա»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանը հավելեց, որ այսօր հիմնականում տեխնիկական հարցեր են քննարկել, դեռեւս թեկնածուների առաջադրման փուլը չի ավարտվել, եւ նոր թեկնածուներ կարող են առաջադրվել:

Հարցին՝ հնարավո՞ր է Երեւանի ավագանու ընտրություններին հանդես գան «Ելք» դաշինքով, Ավինյանն ասաց, որ այդ հարցը դեռեւս չեն քննարկել: