Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 23:30-ին, հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ դատարան է եկել երկրորդ նախագահի մեքենան, ինչը նշանակում է՝ րոպեներ անց կհրապարակվի որոշումը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական վենդետա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան: Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինս այս պահին Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:











