Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը կասկածվում են խոշոր չափի գումար յուրացնելու մեջ:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Սարուխանի համայնքապետի աշխատակազմի ղեկավարը, օգտագործելով ծառայողական դիրքը, 2008-ից 2016 թվականների ընթացքում համայնքի բնակիչներին տրամադրել է ավտոմեքենաների գույքահարկի կեղծ զրոյական տեղեկանքներ, տրանսպորտային միջոցների գույքահարկի համար գանձված շուրջ 15 մլն դրամը չի մուտքագրել դրամարկղ և յուրացրել է։ Այս ապօրինության հետևանքով նշված տարիներին գույքահարկի գումարներին ավելացել են տույժ-տուգանքներ՝ մոտ 16 մլն դրամի չափով:

Այսպիսով պետության և քաղաքացիների օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 31 մլն դրամի նյութական վնաս։

Միջոցառումները շարունակվում են։