Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի նոր հանցագործություններ է բացահայտել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների աշխատակիցների և պաշտոնատար անձանց տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում: Հուլիսի 25-ից 27-ը վարչության աշխատակիցները համագործակցեցին մայրաքաղաքի և հանրապետության ութ մարզերի տարածքային ստորաբաժանումների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվեց տարածքային գործակալությունների 87 աշխատակիցների և պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն բնույթի 166 հանցագործություն:

Մասնավորապես, 175 քաղաքացու նպաստառուների ցուցակներում ընդգրկելու համար գործակալությունների տեսուչներն ու ղեկավարները որպես ապօրինի վարձատրություն, այլ կերպ ասած՝ կաշառք պահանջել ու ստացել են ընդհանուր առմամբ՝ 34 միլիոն 777 հազար դրամ:

Բացի այս բացահայտվել են գործակալությունների աշխատակիցների կողմից փաստաթղթերը կեղծելու եղանակով ցուցակներում ընդգրկված քաղաքացիների անվամբ ձևակերպված ընդհանուր ավելի քան ութ միլիոն դրամ յուրացնելու կամ վատնելու դեպքեր:

Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր, իսկ մի մասով արդեն հարուցված քրեական գործերն ուղարկվել են Քննչական կոմիտե: