Հաղթանակ թաղամասում ավելի քան մեկ շաբաթ առաջ բռնկված հրդեհը դեռ չի մարվել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին աղբանոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար, ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ եւ մեկ տրակտոր:
ՀՀ ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կ. Արզումանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հրդեհի բռնկման օրից հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են օրական մինչեւ 10 մարտական հաշվարկ:
Հարցին, թե որն է պատճառը, որ արդեն մեկ շաբաթից ավելի չի հաջողվում մարել հրդեհը, Արզումանյանը պատասխանեց. «Մենք 24-ժամյա ռեժիմով աշխատում ենք, սակայն, օրինակ, տրակտորը մասնավոր է, որը վարձել է քաղաքապետարանը, եւ երբ իր ժամը լրանում է, տրակտորը հեռանում է ու հրդեհը նորից բռնկվում է: Դա նույնն է, որ բռնցքամարտում մրցակցիդ հաղթում ես, մնում է վերջին հարվածը հասցնես, սակայն չես խփում, նոկաուտ չես անում, թույլ ես տալիս, որ ուշքի գա եւ նորից դիմադրի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 00:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում կրկին հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 02:44-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:
Նշենք, որ հուլիսի 30-ին, ժամը 14:23-ի դրությամբ փրկարարները վերսկսել էին Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մոտ 4000 խմ տարածքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Սանիթեք» ՍՊԸ-ի 6 ջրատար:
Հիշեցնենք, որ հրդեհն աղբանոցում սկսվել է դեռեւս հուլիսի 24-ին:














