Аrajark.am էլեկտրոնային հարթակը, որը մեկ տարի առաջ մշակվել է նույնանուն ստարտափի կողմից, օգատերերին Երեւանում անշարժ գույքի օբյեկտների որոնման բացառիկ որոնողական համակարգ է առաջարկում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Sevan Startup Summit 2018-ում ստարտափը ներկայացնող անշարժ գույքի գործակալ Գայանե Հովհաննիսյանը նշել է, որ  Аrajark.am կայքում կարելի է գտնել ցանկացած տեսակի անշարժ գույքի, ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն, ներառյալ հողամասերի վաճառքի կամ վարձակալության մասին հայտարարություններ:

Նրա խոսքով, անշարժ գույքի ոլորտում մասնագիտացած Arajark.am կայքը մշակվել է հաշվի առնելով Հայաստանում նմանատիպ այլ հարթակների բացթողումները եւ հնարավորություն է տալիս առանց գումարի եւ ժամանակի կորստի արագ եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալ անհրաժեշտ անշարժ գույքի մասին: Այստեղ տեղադրված են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հայտարարություններ: Վճարովի հայտարարությունների վճարումները օրական կատարվում են 15-20 անգամ:

«Մեր կարգախոսն է  «Քաղաք մեկ հասցեում», քանի որ այս հարթակի միջոցով ամբողջ քաղաքը, նրա շենքերի, բնակելի տների եւ այլ անշարժ գույքի մասին տեղեկատվությունը հասանելի է դառնում մեկ հասցեում (аrajark.am)»,-  նշել է նա:

 

Նա պատմել է, որ կայքի մշակման ժամանակ բազմաթիվ գործիքներ են օգտագործվել, ինչի արդյունքում պրոֆեսիոնալ մակարդակով ստեղծվել է վարձակալության եւ վաճառքի բազա, որից կարող են օգտվել ինչպես սովորական գնորդները կամ վարձակալողները, այնպես էլ անշարժ գույքի մասնագետները, գնահատողները, ռիելթորները եւ ուրիշներ:  Կայքում մայրաքաղաքի շենքերի մասին մանրամասն տեղեկատվություն է տեղադրվել. որ թվականին եւ ինչ նախագծով են դրանք կառուցվել, ինչ վթարային աստիճան ունեն, ունի արդյոք շենքը վերելակ եւ այլն: Տեղադրված են նաեւ շենքերի լուսանկարներն իրենց հարակից տարածքներով:

 «Մենք նաեւ մեր հաճախորդներին առաջարկում ենք օգտվել պրոֆեսիոնալ ծառայություններից՝ աշարժ գույքի առք ու վաճառքի ձեւակերպման, իրավաբանական ծառայության, նախագծման եւ այլն:

Կայքն արդեն օգտվողների կողմից դրական արձագանք է ստացել, այցելությունների թիվը օրական հազարից ավելի է: Այս պահին մենք աշխատում ենք Arajark.am բջջային հավելվածի ստեղծման վրա», - բացատրել է ստարտափի ներկայացուցիչը:

Аrajark.am-ի գլխավոր մենեջեր Սերգեյ Վարդանյանը իր հերթին պատմել է, որ բջջային հավելվածի մշակման համար անհրաժեշտ է 15-20 հազար դոլարի ներդրում: Նախատեսվում է նաեւ գովազդային արշավ կազմակերպել:

«Մենք առաջարկում ենք անշարժ գույքի որոնման բացառիկ համակարգ, որը կարելի է գտնել մեր կայքում ինչպես հասցեով կամ մեկ քառակուսի մետրի արժեքով, այնպես էլ թաղամասով կամ շրջանով, որտեղ գտնվում է տվյալ անշարժ գույքը:

Բացի այդ, կայքը հնարավորություն է տալիս քարտեզի վրա անշարժ գույքը որոնել տարածքների պարագծման միջոցով, որը թույլ է տալիս կոնկրետ փողոցում, խաչմերուկում կամ քաղաքի մասում կոնկրետ անշարժ գույք գտնել», - ասել է  նա:

Arajark.am-ի մենեջերի խոսքով, կայքում կա «Կողմնորոշում» գործառույթը, որը թույլ է տալիս պարզել, թե որքան ժամանակ է արեւի լույսը ներթափանցում սենյակներից յուրաքանչյուրում: Կա նաեւ վաճառքի պատմության բաժին, որտեղ առկա է գույքի նախնական գնի եւ դրա հետագա փոփոխությունների, վարձակալության ժամանակացույցի մասին տեղեկատվություն:

Անշարժ գույքից բացի Arajark.am կայքում լիովին անվճար կարելի է աշխատանք փնտրող անձանց մասին հայտարարություններ տեղադրել՝ կցված ռեզյումեի ֆայլով, կենցաղային տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, տարբեր ծառայությունների վաճառքի մասին հայտարարություններ. դրա համար 15 այլ բաժիններ կան: Կա նաեւ հիփոթեքային հաշվիչ:

Ընկերությունում 12 ժամյա զանգերի կենտրոն է գործում, որը հասանելի է հայերենով, ռուսերենով, անգլերենով եւ պարսկերենով եւ հաճախորդների հետ ուղիղ կապ է ապահովում: