Հայկական Аri սթարթափը մշակում է վիրտուալ աուդիոգիդ, որը զբոսաշրջիկներին կփոխանցի Երեւանի կոլորիտը եւ նրա բնակիչների զգացումները: Նախագիծը ներկայացվել է Sevan Startup Summit 2018-ում:
Սթարթափի համահիմնադիր Տիգրան Աթայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ էլեկտրոնային ուդիոգիդը օգտատիրոջ գտնվելու վայրը որոշում է GPS-ով եւ պատմում տեսանելիության գոտում գտնվող տեսարժան վայրերի մասին:
Նույնանուն ծրագրի ալգորիթմը թույլ է տալիս ականջակալները դնելով կամ սմարթֆոնի բարձրախոսը միացնելով ազատ զբոսնել քաղաքում եւ լսել վիտուալ գիդի ճանաչողական աուդիոպատմությունները:
«Ընդ որում՝ պատմողը սովորական էքսկուրսավար չէ, այլ Երեւանում ծնված եւ մեծացած հերոս, եւ քաղաքի մասին պատմություններն իր տեսանկյունից է պատմում, երեւանցու տեսանկյունից: Նա խոսում է իր մասին, պատմություններ պատմում իր ծնողների մասին, այսինքն՝ զբոսաշրջիկին է փոխանցում քաղաքի մշակույթը, այն ցույց է տալիս այնպիսին, ինչպիսին ինքն է զգում: Մեր հերոսի պատմությունները ոչ թե քաղաքի մասին սոսկ տեղեկություններ են, որը հետաքրքիր չէ եւ անմիջապես մոռացվում է. գիդը փոխանցում է Երեւանի կոլորիտը եւ նրա բնակիչների զգացումները»,- նշեց Տիգրան Աթայանը:
Երիտասարդի մոտ քաղաքային տեսարժան վայրերի էլեկտրոնային գիդ ստեղծելու գաղափարը ծնվել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում ընկերների հետ գիշերային զբոսանքի ժամանակ:
«Իմ առջեւ հայտնվեց եկեղեցի, որի մասին ուզում էի ավելին իմանալ: Մի փոքր գուգլվելով՝ ես հասկացա, որ դա այնքան էլ հեշտ չէ, իսկ գիշերային ժամերին էքսկուրսավար գտնելն անհնարին է: Բացի այդ՝ մենք չէինք սիրում գիդ վարձել, քանի որ նա չի կարող քեզ հետ ամբողջ օրը քաղաքում քայլել, հաճախ պրոֆեսիոնալիզմի խնդիրներ ունի եւ չի համապատասխանում քաղաքն ուսումնասիրելուն, քաղաքի մասին զուտ չոր տեղեկություններ է տալիս»,- պարզաբանեց Аri ծրագրի համահեղինակը:
Аri թիմի մտահղացմամբ՝ գիդը Երեւանի տեսարժան վայրերի մասին կպատմի հետաքրքիր, զվարճալի եւ, ինչն ամենագլխավորն է, մտապահվող պատմություններ՝ զբոսաշրջիկներին վարակելով երեւանյան տրամադրությամբ ու կոլորիտով: Ուշագրավ է, որ նախնական փուլում Երեւանի մասին պատմություններ պատմող հերոսն աղջիկ կլինի:
Այս պահին ծրագիրը կարող է տեղեկություններ տալ Երեւանի 13 տեսարժան վայրերի մասին, Аri թիմը հիմա աշխատում է տեքստերի եւ պատմողի կերպարի վրա, որին համապատասխան կընդլայնվի ծրագրի մեջ ներառված քաղաքի մասին տեղեկատվությունը: Ավելին՝ մշակողները մտադիր են Аri ծրագրի մեջ ներառել նաեւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, իսկ այնուհետեւ՝ արդեն Ռուսաստանի եւ Եվրոպայի քաղաքները:
Սթարթափի հետագա զարգացման համար անհրաժեշտ է 1,5 տարում ներդնել գրեթե 140 հազար դոլար:











