«Արագ առաքում» հայկական սթարթափը առաջարկում է խանութի գներով ավտոմեքենաների մասերի արագ որոնում եւ առաքում: Նախագիծը ներկայացվել էր Sevan Startup Summit 2018-ին:

 NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախագծի մենեջեր Սառա Աբրահամյանը պատմեց, որ «Արագ առաքումը» վարորդներին առաջարկում է Երեւանի ցանկացած կետ ավտոմասերի  եւ ավտոմեքենայի աքսեսուարների առաքման ծառայություն:

 «Մենք շատ արագ եւ մատչելի գներով կատարում ենք պատվերները, քանի որ չենք վերավաճառում ավտոմեքենաների մասերը, այլ առաջարկում ենք դրանք խանութի գներով: Սա հեղափոխական առաջարկ է (ավտոմասերի վաճառքի ոլորտում), իսկ ավտոսիրողների համար այն հետաքրքիր է, եւ ինչու ոչ՝ շահավետ, քանի որ թույլ է տալիս տնտեսել  ժամանակն ու գումարը», - նշեց  Սառա Աբրահամյանը:

Նրա խոսքով, իրենց ծառայությունների օգնությամբ կարիք չկա գնալ բազմաթիվ խանութներ եւ առավել մատչելի ավտոմասերի համար ժամանակ ծախսել:

«Տարբեր խանութներում նույն որակի նույն ապրանքի արժեքը տատանվում է 30-70 տոկոսով, եւ վարորդները երկար ժամանակ փնտրում են ամենահարմար տարբերակները: Մենք առաջարկում ենք դա անել հաճախորդների փոխարեն: Մենք գտնում ենք ամենաէժան պահեստամասերը, առաջարկում ենք հաճախորդին, եւ նրան մնում է ընտրել դրանք: Գաղափարը պատկանում է սթարթափի հիմնադիր Արթուր Մադաթյանին, ով անձնական փորձով գիտի, թե որքան ժամանակ է պահանջվում  անհրաժեշտ պահեստամասը գտնելու համար», - ասաց Սառա Աբրահամյանը:

Նա նշեց, որ առաքման ծառայությունը կազմում է ընդամենը 500 դրամ, իսկ մասերի արժեքի 10 տոկոսի չափով պահումը, վճարում է խանութը: «Արագ առաքումը» գործում է ընդամենը մեկուկես ամիս, սակայն արդեն հասցրել է համագործակցել ավելի քան 100 ընկերությունների հետ: Միայն հուլիսին «Արագ առաքումը» հաճախորդների բազան ավելացել է 60 տոկոսով:

«Մենք օրական շուրջ 30 պատվեր ենք սպասարկում, բայց եթե  ունենանք զանգերի կենտրոնի ավելի շատ աշխատակիցներ եւ առաքիչներ, ապա մենք կկարողանանք ավելի շատ պատվերներ ընդունել», - բացատրեց Սառա Աբրահամյանը:

  «Մենք պետք է ֆինանսավորում ունենաք միասնական բազա ստեղծելու, զանգերի կենտրոնի նոր աշխատակիցների եւ առաքիչների ընդունման, գովազդի համար, որպեսզի մեր ընկերության մասին լայն զանգվածներն իմանան», - ասաց մենեջերը: