Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ օգոստոսի 13-ին, Արտաշատում բողոքի ակցիա անցկացնող առեւտրականներին վստահեցրեց, որ օրենսդրության շրջանակում կմեղմացնեն վարչարարությունը, մինչեւ որոշում կկայացնեն ծառայողական քննության արդյունքներով:

«Ծառայողական քննություն անցկացնելու հիմքեր եմ ես տեսնում: Մենք ծառայողական քննություն կանցկացնենք եւ որոշում կկայացնենք: Մինչեւ այդ կխնդրեմ, որ այստեղ թեթեւացնեն վարչարարությունը: Արխային գնացեք, խանութները բացեք, աշխատեք: Ցանկացած ահազանգի դեպքում զանգահարեք ինձ կամ պարոն Մաշադյանին»,- ասաց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահն առեւտրականներին հայտնեց, որ սեպտեմբերին Հարկային օրենսգրքում փոփոխություններ կարվեն, որից հետո շատ խնդիրներ արագ լուծում կստանան:

Նշենք, որ առեւտրականների հետ հանդիպումից հետո Դավիթ Անանյանը մի քանիսին առաջարկեց բարձրանալ վերեւ եւ մանրամասն քննարկել ստեղծված իրավիճակը: Քննարկումը փակ է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: