Կառավարությունն իր այսօրվա օգոստոսի 23-ի նիստում հավանություն տվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքին, որով նախատեսվում է օրենքով սահմանված ոռոգման նպատակով Սեւանա լճից 2018 թվականի բացթողման 170 մլն խմ չափաքանակը դարձնել մինչեւ 210 մլն խմ:

Նախագծի քննարկման սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Սա, երեւի մեր կառավարության օրակարգում երբեւէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունը երեւի ամիս ու կես մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում, եւ մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա ու հարցերը լուծվեն առանց նման որոշման:

Շատ բուռն քննարկումներ եղան, որից պարզ դարձավ, որ կա ռեալ ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծել»:

Փաշինյանը նշեց, որ այս վիճակը փակուղային է նաեւ իշխանությունների քաղաքական համոզմունքի տեսանկյունից, որ Սեւանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա. «Ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք: Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլում սիրում են շրջանառել, Հայաստանում «ջրային մաֆիայի» գոյությունը: Եթե այդպես է՝ միանշանակ է, որ այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը: