Եղած դաշտի վրա հիմնվել է բազմամյա տնկարկ, այգի, իսկ համապատասխան փոփոխությունները չեն արվել,  այսինքն հողի հարկի վրա չի ազդել, փաստաթղթերում դրանք շարունակում են հին ձեւով նշված մնալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ստվերային գյուղատնտեսության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Նա հրաժարվեց նշել, թե ստվերային գյուղատնտեսության ետեւում ովքեր են կանգնած՝ օլիգարխնե՞ր, թե՞ շարքային գյուղացիներ. «Կարող են լինել նաեւ շարքային գյուղացիներ։ Խնդիրն այն է, որ պետք է հստակ հասկանանք, թե ովքեր են եղել»։

Նախարարը դժվարացավ գնահատել «ստվերային այգիների» ծավալները. «Քանի որ ստվերում են, չեմ կարող ասել»։

Նրա խոսքով՝ ստվերային գյուղատնտեսության բացահայտումը պետք է տեղական համայնքներն իրականացնեն, քանի որ այն ազդում է տեղական հարկերի վրա, իսկ «մյուս կողմից կա հողերի ամբողջական պատկերի մշակման, դրանք կադաստրի հետ կապելու խնդիր»։

Արթուր Խաչատրյանը անդրադարձավ նաեւ ձկնաբուժարանների խնդրին, նշելով, որ այսօր առավոտյան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ ձկնաբուծարանների հարցով քննարկում է եղել, հանձնարարական է եղել՝ հետեւել, որ ջուրը զուր չկորչի, քանի որ այն թափվում է Արաքս գետը, գնում ոչ բարեկամ երկրներ, ուստի պետք է մեխանիզմներ մշակեն, այդ ջուրը վերադարձնեն գյուղատնտեսություն։ Նախարարի խոսքով՝ մյուս խնդիրը թույլատրելիից ավելի ջրօգտագործումն է. «Ջրի պահանջարկը գնալով մեծանում է, առաջարկը՝ նվազում»։

Նշենք, որ ավելի վաղ վարչապետը, մասնավորապես, նշել էր. «Պարզվում է՝ Հայաստանում կա ոչ միայն ստվերային տնտեսություն, պարզվում է՝ Հայաստանում կա նաեւ ստվերային գյուղատնտեսություն, այսինքն՝ կան այգիներ, որոնք գրանցված չեն ընդհանրապես»: Կոնսպիրատիվ այգիներ են: Պատկերացնո՞ւմ եք, սենց ինստիտուտ կա Հայաստանում»։

Նախարարն նկատեց, որ վարչապետի հայտարարությունն արդեն իսկ հանձնարարական է, ոսւտի ստուգումներ կիրականացվեն։