Ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացում չի նախատեսվում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացման հարց օրակարգում չկա»,-ասաց նա:

Հարցին, թե ՊԵԿ նախագահն ասում է, որ մյուս տարի եկամուտների կտրուկ աճ են նախատեսել, կարո՞ղ է թվեր նշել, Դավիթ Անանյանն ասաց, որ դրանք քննարկումների փուլում են. «Երեք տարվա միջնաժամկետ ծրագիրն է հիմա քննարկվում: Հիմա բյուջետային քննարկումներ են գնում, սեպտեմբերին թվային տեղեկատվությունը տեսանելի կլինի»:

Ինչ վերաբերում է ստվերային տնտեսությանը, Դավիթ Անանյանն ասաց, որ ստվերային տնտեսության գնահատական է տրվում ՊԵԿ-ի ներքին ռեսուրսներով, աշխատանքային խումբ է ձևավորվել, և առաջին անգամ ոլորտային ստվեր են գնահատում:

ՊԵԿ նախագահը հրաժարվեց թիվ նշել, թե ի վերջո ստվերային տնտեսությունը որքան է կազմում. «Դա այնպես չէ, որ մեկ կամ երկու ամսում հնարավոր է գնահատել, աշխատանքային խումբն աշխատում է, քննարկում է մեթոդաբանությունը, նախնական տեղեկատվություն չեմ կարող տալ: Աշխատանքային խումբն առաջին անգամ պետք է այսպիսի գնահատական տա՝ 20 գործունեության տեսակներով»: