National Instruments-ը առաջին միջազգային ընկերությունն է, որը եկավ Երեւանի «Ինժեներական քաղաք»: Հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Արսեն Առուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տեղափոխությունը կարեւոր է առնվազն 2 պատճառով. առաջին՝ նոր տեղում բոլոր պայմանները ստեղծված են ընկերության հետագա զարգացման համար, երկրորդ՝ այստեղ տեղափոխությունը, հավանաբար, կարագացնի ինժեներական քաղաքի կառուցումը:

National Instruments-ը Հայաստանում աշխատում է 2007 թվականից, այդ ժամանակ երեւանյան գրասենյակում ընդամենը 3 աշխատակից կար, իսկ այսօր ընկերությունում արդեն 60 աշխատողներ կան, իր հերթին նշեց Եվրոպայի, Միջին Արեւելքի, Հնդկաստանի եւ Աֆրիկայի տարածաշրջաններում վաճառքի եւ մարքեթինգի հարցերով փոխնախագահ Ռոբերտ Մորթենը:

Նրա խոսքով՝  հայկական գրասենյակը հիմնականում աշխատում է ինտեգրալային սխեմաների թեստավորմամբ, ինչպես նաեւ հաղորդակցային տեխնոլոգիաների վրա, այդ թվում՝ ապագա 5G տեխնոլոգիայի: Հայկական թիմն անչափ ուժեղ է, ունի լավ տեխնիկական գիտելիքներ, ուստի National Instruments կորպորացիայի աճին զուգահեռ՝ ավելի ու ավելի շատ կօգտագործվեն նաեւ հայկական գրասենյակի հնարավորությունները, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Մորթենը:

Սակայն, ներկայացուցչի խոսքով, Հայաստանում արտադրություն բացելու ծրագրեր ընկերությունն առայժմ չունի. այս պահին National Instruments-ը 2 ֆաբրիկա ունի Արեւելյան Հունգարիայում եւ Մալայզիայում, եւ դրանք միանգամայն հաղթահարում են իրենց վստահված աշխատանքը: Մի քանի տարի հետո, եթե պահանջվի նոր ֆաբրիկա բացել, ընկերությունը կքննարկի բոլոր տարբերակները, այդ թվում՝ նաեւ Հայաստանի:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Հակոբ Արշակյանն իր հերթին շեշտեց Հայաստանում միջազգային ինժեներական կազմակերպությունների կարեւոր դերը: National Instruments-ը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ վերջինի տարածքում ստեղծել է ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ուսանողները կարող են գիտելիքներ եւ միջազգային մակարդակի փորձ ձեռք բերել: Այս նույն ուսանողները դառնում են ինչպես National Instruments-ի, այնպես էլ շատ այլ ընկերությունների աշխատակիցներ, որոնք աշխատում են ինժեներիայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Փոխնախարարի խոսքով՝ այնպիսի կորպորացիաների դերը, ինչպիսին է National Instruments-ը, չի կարելի թերագնահատել, քանի որ երկրում ինժեներական ինդուստրիայի զարգացմանը նպաստում են կրթությունը, գիտությունը, միջազգային ընկերությունները՝ իրենց կապերով ու փորձով, եւ տեղական ընկերությունները, որոնք աշխատում են գիտահետազոտական նախագծերի վրա եւ արտադրանք են ստեղծում, որոնք կարելի է արտահանել:

National Instruments-ը ամերիկյան ընկերություն է, վիրտուալ սարքերի տեխնոլոգիայի եւ սարքերի ու ծրագրային ապահովման, ավտոմատացված թեստավորման մշակման ու ստեղծման ոլորտում համաշխարհային առաջնորդներից մեկը: National Instruments-ը ներկայացուցչություններ ունի 41 երկրում, որոնցում աշխատում է ավելի քան 6 հազար աշխատակից: