Կա լրատվության հոսք, որ ցուցակագրումներ են գնում, տարբեր տեսակի դռնեդուռ արշավներ են իրականցվում մինչեւ Երեւանի ավագանու ընտրական քարոզարշավի մեկնարկը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Կան բավականին կրկնվող, եթե չասենք տարածված լրատվության հոսք, որ ցուցակագրումներ են գնում, տարբեր տեսակի դռնեդուռ արշավներ մինչեւ քարոզարշավի մեկնարկը, որը որոշակի խնդիրներ եւ մտահոգություն է հարուցում»,–նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը, շեշտելով, որ մրցակից ուժերը ներկայացված են իշխանությունում, հույս հայտնեց, որ նրանք նույնիսկ ակամա չեն օգտագործի վարչական ռեսուրս. «Մենք կարող ենք գրանցել քաղաքացիների ահազանգերը, դիմումները, եւ հույս ունեմ՝ այդ քաղաքացիները, ի տարբերություն առաջվա, չեն վախենա ինքնությունը բացահայտելուց, բայց հին մտայնությամբ շարունակվում են անանուն ահազանգերը: Մենք գիտենք, որ բարեկամ մրցակիցներից մի քանիսը իշխանությունում ներկայացված են, եւ նաեւ իրենք պետք է շատ զգույշ լինեն՝ նույնիսկ ակամա չօգտագործելու համար իրենց տնօրինության տակ գտնվող վարչական ռեսուրսը, սա գիտակցման խնդիր է, որ մենք ունենանք վստահելի ընթացակարգով ընտրություններ»,- ասաց նա:
Նա նաեւ հավելեց՝ բարեկամական հույս են տածում, որ շատ զգույշ կլինի գործող իշխանությունը, որպեսզի որեւէ տեղիք չտա անցյալի կրկնության, որովհետեւ դա կլինի շատ վատ, եթե չասենք, բացասաբար բախտորոշ, թե՛ իշխող իշխանության, թե՛ մեր երկրի առաջընթացի համար:
«Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող մյուս անդամը՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ եթե ՀՀ ԱԺ-ն պատրաստ է «Ժառանգությանը» տալ օպերատիվ հետախուզական լիազորություններ եւ դրան համապատասխան համապատասխան բյուջեում հատուկ տող նշի, որ դրա համար «Ժառանգությանը» կֆինանսավորի՝ գործակալական ցանց, պրոֆեսիոնալ աշխատակիցներ, այդ դեպքում այդ ապացույցները, ահազանգերը, ապացույցները իրենք կքննեն եւ կասեն, թե շրջանառվող լուրերը փաստական հիմք են, թե ոչ: «Մենք ինքներս համոզված չենք ղեկավարության կողմից իրականաոցվող քայլ է թե սադրանք, դրա համար անուն չենք տալիս, իսկ օպերատիվ հետախուզական լիազորություններ իրենք չունեն»։











