ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը համոզված է, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հաստատելու է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այսօր՝ սեպտեմբերի 7–ին, լրագրողների հետ զրույցում փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու գործով այսօրվա դատական նիստը ձևական բնույթ էր կրում։
«Դատարանը շտապում է հեռանալ խորհրդակացական սենյակ՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը հաստատելու համար։ Նրա համար էական էր միայն նիստը ձևական սկսելը, որ հետագայում չասեն, թե առանց կողմերի է այդ հարցը քննել։ Սա էր այսօրվա դատաքննության նպատակը»,-հայտարարեց պաշտպանը։
Ըստ Սարգսյանի՝ այս գործով դատավորը կաշկանդված է և չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել անգամ պարզունակ հարցերի վերաբերյալ. «Դատարանը դուխոս որոշում կայացնելու հնարավորություն չունի»։
Նա օրինակ բերեց այսօրվա դատական նիստը, երբ ինքը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանից հետաքրքրվել էր, թե ինչ եղանակով է այս գործը մակագրվել հենց իրեն։
«Համակարգչային եղանակով՝ բաշխման միջոցով»,– պատասխանել էր դատավորը, հավելելով, որ datalex.am տեղեկատվական համակագրում ներկայացած է այդ փաստը։
Փաստաբանը, սակայն, նկատեց, որ տեղեկատվական համակարգից հնարավոր չէ պարզել, թե ինչ եղանակով է գործը մակագրվել նրան։
Փաստաբանը դատավորից հետաքրքրվել էր նաև՝ արդյոք նրա նախագահությամբ քննված որևէ քրեական գործով արդարացման դատական ակտ կայացվել է, ինչին դատավորը հրաժարվել էր պատասխանել։
Անդրադառնալով մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին բացարկ հայտնելու հիմքերին փաստաբանը նշեց, որ դատախազն այս գործով պատճենահանված փաստաթղթեր է ներկայացրել, մինչդեռ օրենքով սահմանված է, որ պետք է հաստատվի դրանց իսկությունը։
«Հնարավոր է՝ համակարգչային եղանակով արված փաստաթուղթ է, հնարավոր է՝ կիսատ պատճենահանված է. ինչպե՞ս են նման ապացույցներով որոշում անձի ազատության կամ անազատության հարցը»,–նկատեց Երեմ Սարգսյանը։
Անդրադառնալով մեղադրող դատախազի այն հայտարարությանը, թե Հայկ Սարգսյանը փորձել է դիմել փախուստի, ինչը նրան կալանքի տակ պահելու հիմք է, փաստաբանն ասաց. «Հայկ Սարգսյանն իր ընտանիքի հետ պատրաստվում էր մեկնել արտերկիր՝ ամառային արձակուրդներն անցկացնելու, և նրան «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերելը դեռ չի նշանակում, որ նա փախուստի էր դիմելու»։
Փաստաբանը, միաժամանակ, նշեց, որ իր պաշտպանյալը նախաքննության ընթացքում ինքնակամ ներկայացել է իր նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդության քննության, ինչպես նաև մասնակցել է քննչական գործողություններին։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու, ինչպես նաև նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ կատարված հանցագործության համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: սպանության փորձի համար և զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելու համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:











