Մենք կողմնակից ենք Հայաստանում բազմաֆունկցիոնալ իշխանության ձեւավորմանը. Քաղաքական մենիշխանությունը ծնկի է բերել մեր հայրենիքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում նշեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով, Հայաստանն այս պահին դեռ չունի ռազմավարական զարգացման տեսլականը. «Իհարկե, ես պաշտպանում եմ այն տեսակետը, որ 4 ամսում հնարավոր չէ 30 տարվա ավգյան աթոռները մաքրել, բայց կարեւոր եմ համարում, որ տեղի ունենա երկրի ռազմավարական պլանավորման գործընթաց՝ ըստ ուղղությունների եւ գերակայությունների: Հայաստանը արտաքին ճակատում պետք է կարողանա ճկուն գործիքների կիրառմամբ մի դեպքում դրանց հակադրել, մյուս դեպքում արդյունավետ համադրում իրականացնել՝ ներգարվվելով միջտարածաշրջանային ծրագրերին:
Մենք կողմնակից ենք Հայաստանում բազմաֆունկցիոնալ իշխանության ձեւավորմանը. Քաղաքական մենիշխանությունը ծնկի է բերել մեր հայրենիքը: Սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, ապա Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան Հայաստանում եղել է քաղաքական մենիշխանություն: Այո, մենք չենք ուզում, որ հիմա էլ լինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական մենիշխանությունը: Պետք է լինի բազմաֆունցկիոնալ իշխանության, իսկ քաղաքական մենիշխանությունը կործանարար է ցանկացած երկրի համար: Քաղաքական մենիշխանությունը բերում է տնտեսական մենիշխանության»,-հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:











