ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը որ ստացվել է այս ընթացքում դա ՀՀԿ–ի դեմ պայքարելն է։ Այս մասին ասյօր՝ սեպտեմբերի 11-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե որոշ ուժեր իրենց հեղափոխության պաշտպան են ներկայացնում, բայց թաքուն բանակցում են ՀՀԿ-ի հետ։
«Թե ում նկատի ուներ պարոն Փաշինյանը, կարող եք ճշտել իրենից: Ես կարող եմ իմ մեկնաբանությունը տալ: Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը որ ստացվել է այս ընթացքում դա ՀՀԿ–ի դեմ պայքարելն է: Անգամ այն ժամանակ, երբ ՀՀԿ–ն չի մասնակցում ընտրություններին, էլի Նիկոլ Փաշինյանը պայքարում է ՀՀԿ–ի դեմ։ Կարծում եմ՝ երկրի հասարակությունը Նիկոլ Փաշինյանից ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան նախորդ իշխանությունների դեմ հավերժական պայքարն է»,–նշեց նա։
Բացի այդ, պատգամավորի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ժողովրդական լեզվով ասած «փուռն է տալիս իր այսօրվա դաշնակիցներին». «Ակնհայտ է, որ այդ ակնարկը վերաբերում էր այսօր կառավարության մաս կազմող տարբեր քաղաքական ուժերին: Ակնհայտ էր, որ դա ՀՀԿ-ին չէր վերաբերում»։
Նկատառմանը, թե գուցե նկատի ուներ «Ելք»–ի ուժերին, նա նշեց, որ «Ելք»–ից ամենահաճախն իի հետ շփվում է հենց Նիկոլ Փաշինյանը տարբեր ձեւաչափերով, նաեւ իր նախաձեռնությամբ՝ ընդգրկելով իրեն տարբեր ձեւաչափերի մեջ։
Աշոտյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի ապահովի իր թեկնածուի համար առավելագույն այն ձայները, որոնք իրեն լրացուցիչ թև ու թիկունք կտան արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար:
«Երրորդ հանգամանքը, որ ուզում եմ շեշտել, այն դիտարկումն է, որ ՀՀԿ-ի հետ բանակցում են տարբեր ուժեր, զարմանալի է այն լրահոսի ներքո, որ գալիս է կապված «Իմ քայլը» դաշինքի կամ ՔՊ-ի գրասենյակներում նախկին ՀՀԿ-ական ակտիվիստների ներգրավման հետ: Այսինքն եթե այս պահի դրությամբ որեւէ քաղաքական ուժի սատարող նախկին ՀՀԿ-ականներ կան, ապա ամենաշատը, կարծում եմ, նրանք հենց «Իմ քայլը» դաշինքի շտաբներում են եւ իրենց աշխատանքների մեջ ներգրավված են:
Ես ումեն որոշակի տեղեկություններ, թե ինչպես են նախկին ՀՀԿ ակտիվիստներն աշխատում այդ կուսակցության համար»,-ընդգծեց Աշոտյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե այսինքն՝ ՀՀԿ-ի «տասովշիկները» ներգրավվել են այս իշխանությունների քարոզարշավում, Աշոտյանը արձագանքեց. «Ես կգերադասեմ խոսել այն բառամթերքով, որն ունեմ ինքս»։
Ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ՀՀԿ–ի հետ քուչեքում բանակցող» ասելով











