Մենք մեր պլանով գնալու ենք առաջ եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը համաժողովրդական է եւ ես շատ դժվար եմ պատկերացնում այն մարդկանց, որոնք պատրաստվում են դիմադրել դրան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, որ իր հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն կարող է վարչապետի թեկնածու առաջադրել եւ ընտրել, Փաշինյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն մի անգամ իր վարչապետին ներկայացրել ու անգամ ընտրել էր, դրանից ի՞նչ փոխվեց: Հիմա ավելի լավ իրավիճակ է, քան ունեինք ապրիլ-մայիսին»:
Նա ընդգծեց, որ ԱԺ ուժերի հետ հուշագիր ստորագրելու սցենարը հրապարակված է, քանի դեռ այն չեղյալ արված չէ, այն ուժի մեջ է:
«Իսկ ո՞վ է ասել, որ ես այդ սցենարը իրենց հետ համաձայնեցրել եմ: Ես իրենց տեղեկացրել եմ Հայաստանում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին եւ ասել եմ, թե ինչ ենք պատրաստվում անել: Իրենք էլ ասել են, որ իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել եւ ասել են շատ հստակ: Եթե որոշել են թեկնածու առաջադրել, թող փորձեն: Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն եղել, ներքաղաքական ճգնաժամը խորանում եւ դա հաղթահարելու միակ տարբերակը ընտրություններն են»,-հայտարարեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ ինքն արդեն հայտարարել է, որ դեկտեմբերին լինելու են արտահերթ ընտրություններ. «Ես ասում էի կա երկու տարբերակ՝ ԱԺ գործող խմբակցությունները գնում են համագործակցության մթնոլորտում, թե առանց այդ մթնոլորտի: Համագործակցության մթնոլորտն այն է, որ գնում ենք ընտրական օրենսգիրքը բարեփոխելու եւ մյուս քայլերն անելու ճանապարհով: Ոչ համագործակցության մթնոլորտն այն է, որ մենք ուղղակի գնում ենք արտահերթ ընտրությունների»:











