Կառավարության մաս կազմող ուժերի՝ Քաղաքացիական պայմանագրի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի` մինչեւ այժմ պահպանվող հարաբերական անդորրը պայթեց նախօրեին, երբ Ազգային ժողով բերվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ անելու նախագիծը: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին էին մշակել եւ ներկայացրել նախագիծը, ընդ որում, կարեւորագույն դրույթը մտցրել էին նախորդ օրը՝ եթե ԱԺ նիստը խոչընդոտների պատճառով չի կայանում, այն համարվում է ընդհատված եւ վերսկսվում է այն ժամանակ, երբ խոչընդոտը վերանում է՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ հետո է դա տեղի ունենում: «Ելք» խմբակցությունն այս դրույթի մեջ արտահերթ ընտրությունները տապալելու վտանգ էր տեսել: Բանն այն է, որ ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականից հետո եթե երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն ավտոմատ լուծարվում է: Սա այն ճանապարհն է, որով վարչապետ Փաշինյանը մտադիր է հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը, մասնավորապես, հրաժարական տալուց հետո Ազգային ժողովը շրջափակելով եւ հասարակական ճնշմամբ երկու շաբաթ թույլ չտալ, որ Ազգային ժողովի նիստեր գումարվեն՝ քաղաքական մյուս ուժերին զրկելով իրենց սեփական թեկնածուին վարչապետի պաշտոնում առաջադրելու եւ ընտրելու հնարավորությունից:
Մինչդեռ նախագծի հեղինակները պնդում էին, որ դա արել են ոչ թե արտահերթ ընտրությունները տապալելու, այլ պատգամավորներին ճնշումներից զերծ պահելու համար:
Նախօրեին այս օրինագծի քննարկումն անցավ թեժ մթնոլորտում, ինչից հետո իրադարձությունները շատ արագ զարգացան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ եթե օրենքի այս նախագիծն ընդունվի, ինքը կրկին փողոց կհանի ժողովրդին: Վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ մտադիր է ընտրություններն անցկացնել ամենաուշը դեկտեմբերի սկզբին:
Երկար սպասելու անհրաժեշտություն չառաջացավ. Ազգային ժողովը նույն օրը 19:30-ին արտահերթ նիստ հրավիրեց, որպեսզի օրինագիծը դնի քվեարկության: Նույն ժամին Փաշինյանը ժողովրդին կանչեց Ազգային ժողովի դիմաց: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, փորձելով խոչընդոտել քվեարկությունը, կրկնեց Զարուհի Փոստանջյանի հայտնի հնարքը եւ հավաքեց պատգամավորների քվեարկության քարտերը: Դա պատգամավորներին չխանգարեց ձեռքով քվեարկել եւ 67 կողմ ձայներով անցկացնել օրինագիծը: Սա վերջնականապես «Ելք»-ի պատգամավորներին: Սասուն Միքայելյանը սկսեց բղավել, ասում են՝ նույնիսկ հայհոյել է: Երկու կողմերի նյարդերն էլ տեղի տվեցին:
Քվեարկությունից հետո ժամեր շարունակ պատգամավորները չէին կարողանում դուրս գալ Ազգային ժողովից. Փաշինյանի համակիրները փակել էին մուտքերը:
Նիկոլ Փաշինյանը հարթակից ասաց՝ սրանով հակահեղափոփոխությունը կարելի է համարել պաշտոնապես հայտարարված, իրենք դադարեցնում են համագործակցությունը ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ գործադիրում, այդ երկու ուժերի բոլոր նախարարներն ու մարզպետներն ազատվում են աշխատանքից: Պորտֆելը պահեց միայն ԲՀԿ-ից առաջադրված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ինչպես Փաշինյանն ասաց՝ երկկողմ ցանկությամբ:
Ավելի ուշ վարչապետը մտավ խորհրդարան՝ բանակցելու քաղաքական ուժերի հետ: Նրա հետեւից Ազգային ժողովի այգի մտավ հավաքված բազմությունը, նույնիսկ ապարդյուն փորձ արեցին ներխուժել խորհրդարանի շենք: Երկու ժամ տեւած բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ եւ ասաց՝ թեեւ քաղաքական ուժերն իրեն բառացիորեն չեն խոստացել, բայց իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ իր հրաժարականից հետո նրանք չեն առաջադրի վարչապետի իրենց թեկնածուին:
Վարչապետը նաեւ հայտնեց, որ առաջիկա օրերին ինքը հրաժարական կտա, չի բացառվում, որ դա տեղի կունենա մինչեւ հոկտեմբերի 11-12-ին սպասվող Ֆրանկոֆոնիայի համաժողովը:
Հավաքի ավարտին Փաշինյանը քաղաքացիները տեղեկացրեց, որ այսուհետև Ազգային ժողովի այգու դռները բաց են լինելու ժողովրդի համար։ Գիշերը ժամը 2-ին մոտ բազմությունը Փաշինյանի հորդորով ցրվեց:
Լուսադեմին տուն գնացած պատգամավորները այսօր կեսօրի մոտ հազիվ կարողացան հասնել Ազգային ժողով: Մի քանի անգամ քվորում չապահովվելուց հետո հազիվ հաջողվեց նիստ անել եւ մի քանի քվեարկություն անցկացնել: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների այսօրվա հարցազրույցներից պարզ դարձավ, որ Փաշինյանն այդքան էլ ճիշտ չի ընկալել նրանց դիրքորոշումը: Բոլորը միաբերան պնդում էին՝ իրենք վարչապետի հետո որեւէ հարցի շուրջ չեն պայմանավորվել:
Օրվա երկրորդ կեսին Ազգային ժողով եկավ վարչապետ Փաշինյանը՝ մասնակցելու Կառավարության հարցուպատասխանին։ Նա վստահեցրեց, որ նախօրեին խորհրդարանական ուժերն իրեն ասել են՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում չեն պատրաստվում թեկնածու առաջադրել, հակառակ դեպքում քաղաքական ուժերը, ըստ Փաշինյանի, տրվում են երկրորդ մայիսի 1 անելու գայթակղությանը։
Վարչապետը նաեւ նկատեց, որ ասֆալտին փռելու իր հրահանգը լիարժեք չի իրականացվել, քանի որ լուրեր կան, որ նախօրեին Ազգային ժողովից դուրս գալուց հետո պատգամավոր Միհրան Պողոսյանը հայհոյել է հանրահավաքից հեռացող քաղաքացիներին։
Արդեն միջանցքում անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե խորհրդարանական մյուս ուժերը կարող են վարչապետի իրենց թեկնածուին առաջադրել, Փաշինյանն ասաց՝ թող փորձեն։
Ազգային ժողովից դուրս գալիս Փաշինյանն ուղիղ եթեր մտավ այգուց, որտեղ այսօր առավոտից զբոսնում են Երեւանի բնակիչներն ու հյուրերը։
Նախօրեին երեկոյան Արցախում գտել են պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 66–ամյա քաղաքացու։ Մահացածն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրն է։ Արցախի ոստիկանության հաղորդմամբ, նա կախվել է իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից։
Անժամկետ հացադուլ են հայտարարել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Արմեն Բիլյանը։ Նրանք պահանջում են փոխել իրենց խափանման միջոց կալանքը։ Նշենք, որ այս գործով կալանքի տակ են միայն Պավլիկ Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Վերջին երկուսը մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։
Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 5–ին։ Շանսոնյեին վերջին հրաժեշտը տալու համար Ֆրանսիա կմեկնի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Այդ օրը Հայաստանում եւ Արցախում սգո օր կհայտարարվի։
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 3-ին կազմել է 484, եվրոյինը՝ 560, բրիտանական ֆունտինը՝ 629 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.39 դրամ։
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:











