Սենատոր Ռոբերտ Մենենդեսը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Էրլ Լիցենբերգերին լսումների ժամանակ մի շարք հարցեր է տվել Ադրբեջանի կողմից ագրեսիվ հռետորաբանության եւ բռնության բռնկումների մասին:

Սենատորը, մասնավորապես, հարցրել է՝ նա ի՞նչ քայլեր կձեռնարկի, որպեսզի Ադրբեջանի կառավարությանը կոչ անի զերծ մնալ սպառնալիքներից եւ շփման գծի մշտադիտարկման անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:

Ի պատասխան Լիցենբերգերը նշել է, որ ԱՄՆ-ն երեք ուղղությամբ է աշխատում՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի հարգում: Դեսպանի պաշտոնի թեկնածուն շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են «շփման գծում ցանկացած բռնություն եւ բռնության կիրառման ցանկացած սպառնալիք»՝ առանց Ադրբեջանի հարձակումների հատուկ հիշատակման: Ի պատասխան սենատորի հաջորդ հարցին այն մասին, թե նա, որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան,  արդյոք «ադրբեջանցիներին կոչ կանի՞ խուսափել ցանկացած սպառնացող վարքագծից, որը խախտում է շփման գիծը», Լիցենբերգերը նշել է՝ «սըր, արդարացի դիտողություն է»:

Ի պատասխան սենատորի հարցին՝ արդյոք պե՞տք է կրճատել անվտանգության ոլորտում ԱՄՆ օգնությունը Ադրբեջանին երկրում տեղ գտած մարդու իրավունքների խախտումների պատճառով, Լիցենբերգերը պատասխանել է, որ Պետքարտուղարությունը պետք է զգույշ լինի եւ երաշխավորի, որ «Ադրբեջանին մեր տրամադրած ոչ մի բան չի խափանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն»:

Կիպրոսում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Գեյլ Գարբերի թեկնածության լսումների ժամանակ եւս սենատոր Ռոբերտ Մենենդեսը մի շարք անհարմար հարցեր է տվել թուրքական զորքերի կողմից Կիպրոսի հյուսիսի գրավման մասին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սենատորին շնորհակալություն է հայտնել: