Ռուսաստանի Տվերի մարզում հոկտեմբերի 5-ին երթուղայինի մասնակցությամբ մահվան ելքով վթար է տեղի ունեցել։ Ողջ է մնացել միայն մեկ մարդ։ Այս մասին տեղեկացրել են ռուսական ԶԼՄ-ները։
«Ford Transit ավտոբուսում, որն աշխատում էր «Տվեր-Ստարից» երթուղով գտնվել են 14 ուղեւորներ, որոնցից 13-ը զոհվել են, մեկը՝ վիրավորվել։ ЛиАЗ ավտոբուսում, որը, ենթադրաբար, Ստարիցից Տվեր էր մեկնում, միայն վարորդն է տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զոհվածների եւ տուժածների մեջ երեխաներ չեն եղել։
Պարզվել՝ երթուղայինի վարորդը Մոսկվայի 76-ամյա բնակիչ է։
Ըստ Telegram-ի՝ սեփականատերը վթարի ենթարկված երթուղայինը վարձով էր տվել ինչ-որ ընկերության եւ չգիտեր , թե ինչպես են այն օգտագործում։ Հայտնի է, որ վթարված Ford Transit-ը պատկանում է մոսկվացի բիզնեսմենների ընտանիքին։ Սեփականատերը Գրիգորի Կուրոյանն է։
Նրա որդին՝ Իվան կուրոյանը, «360» հեռուստաալիքին պատմել է, որ հայրը պայմանագրով տրանսպորտային միջոցը վարձով էր տալիս տվերյան մի կազմակերպության։ Նա նաեւ իր ցավակցությունն է հայտնել վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին։
Ըստ Կուրոյանի՝ հայրը ավտոմեքենան բոլորովին վերջերս է ձեռք բերել։ Մոտ մեկ շաբաթ առաջ նա պայմանգիր է կնքել Տվերում մի կազմակերպության հետ, որը 2-3 տարի է զբաղվում է ուղեւորափոխադրումներով։
«Անձամբ ես փոխադրումներով չեմ զբաղվում։ Ավտոմեքենան պատկանում է հորս։ Այն նոր է»,- ասել է Կուրոյան-կրտսերը։











