Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այսօր՝ հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը: 

Այնուհետեւ Մակրոնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:  Թանգարանում կատարած շրջայցից հետո Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ավանդույթի համաձայն, Ֆրանսիայի նախագահը արծաթափայլ եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան է այցելել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին: