Հայաստանի տնտեսության հիմնական պրոբլեմը զբաղվածությունն է. քաղաքացին պետք է աշխատի, ունենա եկամուտ եւ համ իրեն պահի, համ պետությանը, բանակը, պետական ապարատը ֆինանսավորվի։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
«Այսինքն պետք է լինի հետեւողական զբաղվածության քաղաքականություն, եկամտային քաղաքականությունը պետք է ծառայի այս խնդրի լուծմանը։ Այս պրոբլեմը միշտ հետին պլանում է եղել՝ մակրոտնտեսական ցուցանիշները վերլուծելով, մեջտեղ բերելով, մշտապես տնտեսական աճի, գնաճի մասին ենք խոսում, բայց զբաղվածության մասին խոսում ենք հարեւանցիորեն»,–ասաց տնտեսագետը։
Նա ընդգծեց, որ տնտեսական աճի ցուցանիշը գնահատելու համար պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր տոկոսը զուգակցվի զբաղվածությանը. 1 տոկոս աճը որքան աշխատատեղ է ավելացնում եւ 1 տոկոս անկումը որքան աշխատատեղ է պակասեցնում. «Սա լուրջ թեմա է եւ այստեղ արդեն նոր որակի կառավարություն, նոր որակի իշխանություն է մեզ պետք, նոր որակի բյուջե է պետք, որպեսզի քաղաքականության հիմքում դրվեն այս երկակի կապերը»։
Զբաղվածության հետ կապված երկրորդ պրոբլեմը թաքնված զբաղվածությունն է, ասաց նա. «Դրաի մակարդակը պաշտոնական վիճակագրության ներկայացրած 17,6 տոկոսից ավելի բարձր է։ Պետք է կարողանալ դա բացահայտել»։
Նա հիշեց, որ տարիներ առաջ բավական լուրջ կառույց ունեինք՝ Աշխատանքի պետական տեսչությունը. «Այնպես սղղացվեց, այնպես միավորվեց այլ կառույցների հետ՝ նույնիսկ առողջապահության նախարարության, բնապահպանական գերատեսչության, որ, այսօր որտե՞ղ է Աշխատանքի պետական տեսչությունը, որը կարող էր նաեւ այս կարգի խնդիրներ լուծել»։











