ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղամ Գեւորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատտնտեսության նախարար:

Նախագահի հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Գեղամ Գեւորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»:

Հիշեցնենք, որ Գեղամ Գեւորգյանը 2016-ի դեկտեմբերից զբաղեցել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն: Նրա անունը մամուոլում շրջանառվեց, երբ հայտնի դարձավ, որ 1,5 մլն դրամ աշխատավարձ է ստանում:

Այս առնչությամբ, 168.am-ը գրել է, որ թեպետ այն ժամանակվա գյուղնախարար Իգնատի Առաքելյանը գոհ էր Գեղամ Գեւորգյանի աշխատանքից եւ համարում էր , որ նա արժանի է բարձր վարձատրության, սակայն ուշագրավ է, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր կատարել Գևորգյանի ղեկավարած հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի և այլ միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացված ֆինանսների օգտագործման մասով և հանգել է եզրակացության, որ ընդհանուր առմամբ ԳԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ և չի ապահովել 2017 թ. համար նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը:

Մասնավորապես` կոոպերատիվների հետագա գործունեության եւ գույքի նպատակային շահագործման մոնիտորինգ չի իրագործվել, չեն ներդրվել շահառուների կողմից ծրագրի միջոցով ձեռք բերված գույքի օգտագործմամբ ունեցած արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համակարգեր եւ ընթացակարգեր, ինչի հետեւանքով` ԳԾԻԳ-ը հնարավորություն չի ունեցել գնահատելու ծրագրի կատարման արդյունավետությունը եւ օգտավետությունը:

ՎՊ ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաեւ, որ գյուղ. կոոպերատիվների գործունեությունը կրում է ձեւական բնույթ, եւ դրանք ստեղծվել են ոչ թե ռեսուրսների համատեղմամբ միասնական եւ արդյունավետ գործունեություն իրականացնելու, այլ գյուղտեխնիկա ունենալու համար: ՎՊ-ն փաստում է, որ վարկային միջոցներն օգտագործվել են անարդյունավետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել էր, որ աշխատանքից ազատում է ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական 5 նախարարներին ու 6 մարզպետներին: