«Հին Երեւան» ծրագրի ոչ մի հուշարձան չի քանդվելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, իր առաջին մամուլի ասուլիսին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Դա վերաբերում է եւ Արամի 23–ին եւ բոլոր այն հուշարձաններին, որոնք գտնվում են այդ տարածքում։ Անհրաժեշտության դեպքում պետք է փոխել նախագծային որոշակի լուծումներ, որպեսզի պահպանվեն այդ շենքերը»,–նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետը։

Նա առաջարկեց պատմական հուշարձանների քանդման թեման սպառված համարել. «Քանի դե ես Երեւանի գլխավոր ճարտարապետն եմ, Երեւանում ոչ մի հուշարձան չի քանդվելու»։

Մեսչյանը շեշտեց՝ այն կառուցապատողները, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կգտնվի որեւիցե հուշարձան, նրանք պարտավոր են ֆինանսավորել այդ հուշարձանի վերակառուցման աշխատանքները։ «Սա այն է, ինչ չի եղել եւ լինելու է անպայման»,–հավելեց նա։

Երեւանի գլխավոր ճարտարապետը համոզված է՝ «Հին Երեւանը» ամենաճշգրիտ տարբերակն է, թե ոնց կարելի է ճարտարապետին դնել խայտառակ վիճակի մեջ, որովհետեւ սկզբից չի տրվում այն տվյալները, որ ինքը կարողանա գրագետ նախագիծ կազմի. «Մշակույթի նախարարությունը թույլատրում է հուշարձանը քանդել, իրավիճակը փոխվում է, ասում են մի քանդեք։ Այսինքն՝ գլխավոր ստրատեգիական գիծը, որով պետք է զարգանան ճարտարապետական ծրագրերը քաղաքի նույնիսկ կենտրոնում մշակված չէ, այդ դա ես կփորձեմ անել»։