6-րդ գումարման ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իմաստ չի տեսնում քննարկել որեւէ ուժի հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կոալցիա կազմելու հարցը։

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասաց. «Կոալիցիայի մասին որեւէ իրավասություն չունեմ եւ որեւէ իմաստ չեմ տեսնում խոսել, որովհետեւ ոչ մեկը չի կարող կանխատեսել ընտրությունների արդյունքները։ Այս պահին նման խնդիր ուղղակի անիմաստ է քննարկել, ինչպիսի հետընտրական կոալիցիաներ, պայմանավորվածություններ, զարգացումներ կլինեն, այդ հարցերին իմաստ կլինի անդրադառնալ բացառապես դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետ»։

Դիտարկմանը, թե հիմնական պայքարը, կարծես թե, ընթանում է «Քաղաքացիական պայմանագրի»– եւ «Հանրապետականի» միջեւ, ԲՀԿ–ի մասին այսօր օրերին քիչ են խոսում, պատգամավորն արձագանքեց. «Մենք չենք պատրաստվում մարտի բռնվել քաղաքական ուժերի հետ, մեր զրուցակիցը քաղաքացին է, որին ներկայացնելու ենք մեր քաղաքական եւ տնտեսական ծրագիրը։ Կոչ ենք անում կոռեկտ ընտրություն անել, ով կանցնի թույլատրելիության կարմիր գիծը, համարժեք պատասխան կստանա»։

Զոհրաբյանը, սակայն, կարծում է՝ ՔՊ–ն շահագրգիռ է կոռեկտ ընտրապայքարի գնալու։ «ՔՊ–ի ու ԲՀԿ–ի միջեւ հակասություններ փնտրել–գտնելու կամ արհեստականորեն հրահրելու բոլոր փորձերը վստահաբար ասեմ, որ այս անգամ չի ստացվելու»։

Նա հավելեց՝ ընտրությունների գնում են հզոր, ուժեղ, զարգացած տնտեսությամբ երկիր կառուցելու օրակարգով։