6-րդ գումարման ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «անպարկեշտ մանիպուլյացիա» է որակում խոսակցություններն այն մասին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր անձնական բիզնեսները ներկայացնում է որպես պետական ներդրումներ։
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասաց. «Օրեր առաջ տեսանք օտարերկրյա ներդրողի հետ բացվեցին հսկայական գործարաներ, որոնք ապահովելու են հսկայական աշխատատեղեր, այսինքն՝ ուզո՞ւմ եք ասել, որ այդ աշխատատեղերում աշխատելու ենք ԲՀԿ ներկայացուցիչները կամ Գագիկ Ծառուկյանի բարեկամները»։
Զոհրաբյանը պնդում է՝ որ շատ դեպքերում Գագիկ Ծառուկյանը ուղղակի շահույթ չի ստանում, պարզապես ներդրում է կատարում, որ մարդիկ իրենց աշխատատեղերը չկորցնեն։
Պատգամավորը, սակայն, չի ընդունում, որ իրենք ժամանակին ՀՀԿ կառավարության հետ կոալիցիա լինելով, ունեն իրենց մեղքի բաժինը. «Մենք երբեւէ պատասխանատվությունից չենք խուսափում, կոալիցիայի անդամ չի նշանակում, որ դու քաղաքական սխալ ես արել, մենք նշեցինք, որ լինելով կոալիցիայում մեր ունեցած լծակները բավարար չեն մեր օրակարգը իրականացնելու համար, եւ հաջորդ ընտրություններում, երբ առաջարկվեց կոալիցիա, ԲՀԿ–ն կատեգորիկ մերժեց՝ հասկանալով, որ ՀՀԿ–ի հետ ճանապարհ ուղղակի չի կարելի գնալ»,–եզրափակեց նա։











