Ես զարմանում եմ, որ մինչ այս պահը դուք ՀՀԿ-ի ասածներին լուրջ եք վերաբերվում, եւ հարցեր եք տալիս՝ վկայակոչելով ՀՀԿ-ականներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Նա նշեց, որ լուրջ է վերաբերում նրանց, որոնց խոսքը հանրության լայն շրջանակների է ներկայացնում, իսկ ՀՀԿ-ն ներկայացնում է միայն իրենց ներկուսակցական կարծիքը:
Դիտարկմանը, թե ՀՀԿ ցուցակից Դավիթ Շահնազարյանն ասել է, որ իշխանությունները պետք է պատրաստ լինեն անակնկալների եւ հագնեն քաղաքական զրահաբաճկոնները, Հակոբյանն արձագանքեց. «Մենք պատրաստ ենք բոլոր անակնկալներին: Հարկ եղած դեպքում՝ մենք կմատուցենք մեր անակնկալները»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների պնդումներին, թե այս իշխանության որոք աղանդավորներն ու սեռական փոքրամասնությունները գլուխ են բարձրացրել, «Ելք»-ի պատգամավորն ասաց, որ համաձայն չէ ասվածի հետ. «Քիչ առաջ ՀՀԿ-ն տապալեց իմ ներկայացրած օրինագիծը, որը կարգելեր տոտալիզատորների գովազդը Հայաստանում: Հետո Վեհափառին անվտանգություն տրամադրելու օրինագծի շրջանակներում հայտարարություն եղավ, թե իսկական քրսիտոնյան պետք է կողմ քվեարկի այս օրենքին: Ես որեւէ տրամաբանություն չեմ տեսնում, քրիստոնյա մարդուն կապել որեւէ օրինագծի ընդունման հետ: Եթե ես չեմ քվեարկում կամ դեմ եմ քվեարկում օրինագծին, դա չի նշանակում, որ ես դեմ եմ Հայ առաքելական եկեղեցուն կամ քրիստոնյա չեմ կամ ինչ-որ աղանդի եմ հարում»:
Նա նշեց, որ եթե կաթողիկոսի անվտանգությանը վտանգ է սպառնում, ինչու նա չի դիմում իշխանություններին այդ հարցով:
Անդրադառնալով իր ներկայացրած օրինագծին, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ երբ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի ներկայացրած օրինագիծը հանվեց շրջանառությունից, որն առաջարկում էր արգելել տոտալիզատորների գործունեությունը, ՀՀԿ-ականները պետք է ամեն ինչ անեին, որ գոնե ընդունվեր իր առաջարկած օրինագիծը, որով արգելվում է տոտալիզատորների գովազդը, սակայն ՀՀԿ-ից եղավ մեկը, ով չքվեարկեց:











