Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը կարծում է՝ ծրագրային առումով իրենց հավասար կուսակցություն չկա։ NEWS.am-ի հետ զրույցում նա պատմել է իրենց ընտրացուցակում ներառված թեկնածուների գաղափարական ընդհանրության, հանրության շրջանում նրանց ճանաչելիության, երկրում հրատապ խնդիրների, ԼԳԲՏ համայնքի իրավունքների հարցում իրենց դիրքորոշման եւ շատ այլ արդիական թեմաների մասին, որը ներկայացնում ենք ստորեւ։
Ինչպե՞ս է ձեւավորվել թիմը, ի՞նչն է ձեզ միավորում։ Մի քանի օր առաջ Facebook սոցիալական ցանցում պտտվում էր մի լուսանկար (screenshot), որտեղ կուսակցության մամուլի խոսնակը խնդրում էր պլյուս դնել բոլոր նրանց, ովքեր կցանկանան ընդգրկվել կուսակցության ցուցակում, իսկապես այդպե՞ս է ձեւավորվել ցուցակը, թե՞, այնուամենայնիվ, ցուցակի անդամներին միավորող ինչ–որ բան կա։
Միանշանակ, միավորող բան կա եւ դրանք շատ են։ Թիմում հավաքվել են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած, յուրաքանչյուրը երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ են, որոնք, ճիշտ է, մինչ այժմ չեն մասնակցել քաղաքական գործընթացներին, բայց եղել են շատ ակտիվ, որովհետեւ մասնակցել են, փաստացի, բոլոր բողոքի ակցիաներին, մենք ինքներս էլ կազմակերպել ենք շատ բողոքի ակցիաներ՝ ե՛ւ «Էլեկտրիկ Երեւանը», ե՛ւ «Մենք ենք տերը մեր երկրի», ե՛ւ «Դ!եմ եմ» շարժումը, եւ մեր շարժումը միակն էր, որ ապրիլյան խայտառակ պատերազմից հետո երթ կազմակերպեց դեպի Բաղրամյան 26՝ պահանջելով, որ բացահայտվեն մարդիկ, որոնք եկել էին այդ խայտառակ համաձայնության, եւ որ այդ մարդիկ պատիժ կրեն։
Այսինքն՝ դուք պնդում եք, որ ձեր ցուցակում ներառված թեկնածուները հայտնի՞ են հասարակության շրջանում։ Ցուցակում ունե՞ք հանրությանը ճանաչելի թեկնածուներ։
Ոչ, չունենք եւ մենք համարում ենք, որ դա շատ լավ է, որ չունենք։ Համաձայնեք, որ վերջին 20-25 տարվա հայտնի քաղաքական գործիչները, եթե չասենք բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը հիմա շատ վատ վարկանիշ ունեն, շատ բացասական են ընկալվում, եւ դա անհիմն չէ, հասկանալի է, թե ինչու են նրանք ընկալվում որպես բացասական կերպարներ, որովհետեւ մենք տարիներ շարունակ բոլոր ոլորտներում տեսել ենք, թե ինչպես են այդ հայտնի գործիչները խոսել տնտեսական աճից, Հայաստանի ինքնիշխանությունից, բայց մենք տեսել ենք լրիվ այլ բան՝ ահռելի չափերի հասնող արտագաղթ, մենք տեսել ենք խայտառակ հետընթաց Արցախի հարցում։
Այնուամենայնիվ, ընտրողը ձեզ ձայն տալու համար պետք է ծանոթ լինի ձեր հայացքներին։ Ի՞նչ եք կարծում՝ քարոզարշավի այս կարճ ժամանակահատվածում հանրությունը կհասցնի ծանոթանալ ձեր թեկնածուների հայացքներին, նրանց տեսակետներին, կուսակցության առաջարկած լուծումներին։
Այո՛, քարոզարշավի ժամկետը շատ կարճ է, եւ հարցն ունի նաեւ մեկ այլ ասպեկտ՝ մարդկանց երկար տարիներ համոզել են բոլորովին այլ բան եւ հիմա իսկապես մարդկանց դժվար է համոզել, որ նրանք ընտրեն ոչ թե անձին, կուսակցությանը՝ միայն կուսակցության անվան հնչեղության համար, այլ փորձեն նայել ծրագիրը, փորձեն նայել, թե ովքեր են ընդգրկված կուսակցության կազմում եւ փորձեն հասկանալ, թե կուսակցությունը ծրագրով ինչ կարող է իրենց տալ։ Ծրագրային առումով մենք մեզ հավասար կուսակցություն չենք տեսնում։
Քաղաքական վերլուծաբանները չեն վիճարկում, թե որ քաղաքական ուժն է ընտրությունների արդյունքում զբաղեցնելու առաջին հորիզոնականը, իսկ երկրորդ եւ երրորդ տեղի կանխատեսումներում էլ ձեր ուժի անունը չի նշվում։ Դուք ինքներդ ձեզ ո՞ր տեղում եք տեսնում, ի՞նչ եք կարծում՝ ընտրողների քանի՞ տոկոսը ձեզ ձայն կտա։
Մեզ այնքան են սխեմատիկացրել ընդհանրապես քաղաքական գործընթացներում, որ մենք միշտ այդպես ենք պատկերացնում՝ հաղթել ընտրություններում, հավաքել այսքան ձայն։ Այո՛, առաջին տեղը չի վիճարկվում, ճիշտ է, մենք ունենք տարաձայնություններ իշխող ուժի հետ. մենք միանշանակ համարում ենք, որ հեղափոխությունը արեց ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի հետ, եւ Նիկոլ Փաշինյանը լիակատար իրավունք ունի հանդես գալ հեղափոխության առաջնորդի դերում, սակայն մենք, կողմ լինելով արտահերթ ընտրություններին, կողմ էինք նաեւ, որ փոխվեր ԸՕ–ն, սակայն իդեա ֆիքս չի համարում ընտրություններում հաղթելը, մենք ընդամենը քվե ենք ուզում, ուզում ենք, որ ժողովուրդը մեզ ճանաչի, կարդա եւ գիտակցված անի իր ընտրությունը։
Մեկ այլ տարաձայնություն է վարչապետի պաշտոնակատարի այցը մարզեր, որը վարչական ռեսուրսի օգտագործում է։ Սա անուղղակի քարոզ է։
Ինչպե՞ս է որոշվել, որ հենց դուք պետք է գլխավորեք ցուցակը։ Դուք էիք ամենափորձառուն։
Կուսակցությունը հաշվի է առել մասնագիտական փորձը, գիտելիքները, կրթությունը եւ այն փաստը, որ ես երբեք ինձ ընկալել պարզապես որպես կին, ես միշտ եղել եմ հայ կին։ Ես երբեք ինձ չեմ պատկերացրել այլ արժեհամակարգի կրող։
Դուք՝ որպես սոցիալ–լիբերալ ուղղվածության կուսակցություն, հանդես գալո՞ւ եք LGBT համայնքի շահերի եւ իրավունքների պաշտպանությամբ։
Մենք համարում ենք, որ դա կեղծ օրակարգ է, որը ուռճացվեց վերջին ամիսներին, բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ում կողմից ուռճացվեց։ Արդյոք սեռական փոքրամասնությունների հարցն այնքան հրատա՞պ է, որ պետության միջամտությունն է հարկավոր։ Բարեբախտաբար, հայ հասարակարգում, հայկական արժեհամակարգում դեռեւս շատ ամուր է հայկական ընտանիքի գաղափարը։
Առաջարկում եք, որ 27 տարեկանը լրացած քաղաքացիներին տրվի զենք կրելու իրավունք։ Ուսումնասիրություններ կատարե՞լ եք այս ուղղությամբ, հանցավորության աճի ռիսկեր չեք տեսնո՞ւմ։
Նախորդ համակարգի ներկայացուցիչները, օլիգարխները, նրանց թիկնազորի անդամները հսկայական ապօրինի զինանոց ունեն։ Մեր առաջարկած դրույթի գործելու դեպքում իրենք իրավունք չէին ունենա զենք կրել, քանի որ կուսակցությունը հստակ առաջարկում է՝ 27 տարին լրացած քաղաքացիներին, ովքեր չունեն հոգեկան առողջական խնդիրներ եւ որեւէ դատվածություն, տրամադրել ոչ ավտոմատիկ զենք կրելու իրավունք, բայց այդ մարդիկ պարտավոր են տարին 4 անգամ մասնակցել զինվորական հավաքների, դուք պատկերացնում եք Ծառուկյանի թիկնազորի անդամներից մեկն իրենց նման քայլի դատապարտել։ Հայաստանը պետք է ունենա իր պահեստազորը, որում պետք է ներառված լինեն հայրենասեր մարդիկ, որոնք պատրաստ կլինեն մասնակցել զորավարժանքներին։











