Այս անգամ ես որեւէ ցուցակում չկամ, իսկ ՀՀԿ–ն լքելու մտքեր դեռ չունեմ, քարոզարշավին էլ մասնակցություն չեմ ունենալու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Նաիրա Նահապետյանը:

«Քաղաքականությամբ որոշել եմ չզբաղվել, որոշեցի, որ կարելի է մի քիչ հանգստանալ եւ զբաղվել ոլորտի կարգավորմամբ (փոքր ՀԷԿ–երի–խմբ.)»,–նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա որոշեց քաղաքականությամբ չզբաղվել, իրավիճակ է փոխվե՞լ, Նաիրա Նահապետյանը պատասխանեց, որ քաղաքականությունով այս ժամանակահատվածում չի զբաղվելու. «Ոչ մի իրավիճակ չի փոխվել ինձ համար, ես 21 տարի է ոլորտի պատասխանատուն եմ, 3 տոկոսից հասել ենք 15 տոկոս, 10 կայանից 200 կայան, որը բավականին մեծ նվաճում է»։

Նա մանրամասնեց, որ ՀՀԿ կանանց խորհրդի հանդիպումներ հիմա չեն անցկացվում, քանի որ կուսակցությունում պատրաստվում են քարոզարշավի, իսկ կանանց խորհրդի նախագահի փոփոխությունը կուսակցության նախագահի որոշմամբ է տեղի ունեցել։