ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում աշխարհի բոլոր իրավաբաններին ներկայացնել այն իրավական նորմերն, ըստ որոնց, ինքն իրավունք չունի քարոզարշավի մեկնարկից 2 օր առաջ երթ իրականացնել կամ այցելել մարզեր։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե քարոզարշավը չսկսված, քարոզչություն է իրականացնում, չարաշահում է վարչական ռեսուրսը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսինքն միջազգային չափանիշներով վարչապետի պաշտոնակատարը պետք է սենյակից դուրս չգա՞: Իսկ որեւէ ՀՀ քաղաքացի սահմանափակված է որեւէ օր որեւէ երթ անելու համա՞ր: Իսկ օգոստոսի 17-ին, որ հանրահավաք էինք անում, էդ ժամանակ խախտում էինք անում, թե՞ չէինք անում:

Առաջադրանք համայն աշխարհի իրավաբաններին, հատկապես ՀՀԿ-ական, որեւէ մեկը գիտի, որ որեւէ մեկը, այդ թվում վարչապետը սահմանափակված է որեւէ օր երթ, հավաք անելո՞ւ: Էդ իրենց Հայաստանում էր տենց, էս Հայաստանում այդպիսի սահմանափակում չկա»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ կոչեր միշտ էլ կարող են հնչել. «ՀՀ ընտրական օրենսգիրքը եւ նախընտրական քարոզչության ժամկետները հետեւյալի մասին են. քարոզարշավի ժամկետներից դուսր մարդիկ սահմանափակված չեն որեւէ ձեւով որեւէ քարոզչություն անելու: Քաղաքական ուժերը պետք է անընդհատ քարոզչություն անեն: Քարոզչական ժամկետի շրջանակներում կան որոշակի սահմանափակումներ: Օրինակ, եթե կարող եք այդ ժամկետներից դուրս մարդկանց բուկլետներ բաժանել, որոնք տպվել են էական չի որտեղ, էական չի ինչ գնով, նախընտրական քարոզչության ժամանակ դուք բաժանում եք նյունթեր, որոնք հստակ նշված են, թե որտեղ է տպված, ինչ քանակով եւ դրանց համար վճարումը պետք է կատարվի նախընտրական հիմնադրամից»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

«Հրապարակեք այդ միջազգային չափանիշները, հերիք ա Հայաստանում խոսեն առանց հիմնավորումների: Հիմա ի՞նչ, ինձ ուզում եք արգելե՞ք: Ես հիմա խախտո՞ւմ եմ նախընտրական քարոզչությունը: Ես բոլոր ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Հիմա սա ասելով ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը»:

Հարցին, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ արձակուրդ գնալո՞ւ է, Փաշինյանն արձագանքեց. «Ընտրական օրենսգիրքը նման պահանջ չի դնում: Իմ նախընտրական քարոզչությունն սկսել եմ 2007 թվականից  եւ այն չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ ես քղաքական գործունեությամբ զբաղվում եմ»:

Ճշտող հարցին, թե աշխատանքային ժամերից հետո՞ է քարոզչությամբ զբաղցելու, Փաշինյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ընտրական օրենսգիրքը կարդացեք»: