Իգլայի գործ չկա, վաղուց փլուզված է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց  ապօրինի ռազմամթերք փոխադրելու և փողերի լվացման մեջ մեղադրվող ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

«Մինչև Եվրոպական դատարան գնալու եմ, մինչև արդարացում լինի»,–ասաց նա։

Բաբայանը նկատեց, որ թեև իր նկատմամբ կիրառելի է  համաներումը, սակայն ինքը հրաժարվելու է համաներվելուց. «Ես դեռ այն ժամանակ եմ ասել՝ ինձ համաներում պետք չի, ոչ թե միայն այս գործով, Ղարաբաղի դատով»։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովին ազատելուն և նրա հետ  հարաբերություններին, Բաբայանն ասաց. «Իհարկե, տհաճ է։ Ես բոլորի հետ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, բացի մեկից, որը միշտ լավ մրսում էր»։

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 15–ին ՀՀ վճռաբեկ դատարանը փոխել էր ապօրինի ռազմամթերք փոխադրելու և փողերի լվացման մեջ մեղադրվող Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշել էր Բաբայանի և ևս երկու անձի վերաբերյալ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: