Պատահական չէ, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն սկսում է խորհրդարանի շենքի առջեւից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, նախընտրական քարոզարշավի մեկնարկի առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը:

«Մենք այսօր հավաքված ենք հայոց խորհրդարանի շենքի առջեւ, եւ ամենեւին պատահական չէ, որ «Սասնա Ծռերն» այսօր այստեղից են սկսում արշավը: Ուզում եմ հիշեցնել, որ տարիներ շարունակ ժողովրդի պայքարի արդյունքում բազմաթիվ ուժեր են մասնակցել, եւ վերջին հուժկու հարվածը, որ եղավ ապրիլ-մայիսին, մոնոլիտ չարիքը ջարդեց Հայաստանում: Սակայն դրանով չարիքը չվերացավ Հայաստանում, դրա մնացորդներն այսօր մասնակցում են ընտրություններին»,-ասաց նա: